Եգիպտոսի ոստիկանությունը կասեցրել է Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը գրավելու «Մահմեդական եղբայրների» փորձը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ նրանց տվյալների, իսլամիստների փոքր խմբեր սկզբում հավաքվել են մերձակա փողոցներում և հանդես են եկել հակակառավարական կարգախոսներով, գրություններ են թողել պատերին ու խանութների ցուցափեղկերին: Դա դուր չի եկել տեղի բնակիչներին ու ոստիկաններին: Նրանց լեզվակռիվը «Մահմեդական եղբայրների» հետ վերաճել է դաժան բախումների: Երկու կողմերից քարեր, փայտեր ու դատարկ շշեր են նետվել:
Չդիմանալով ճնշմանը՝ հուլիսին պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները նահանջել են ու դուրս եկել Թահրիր հրապարակ՝ փորձելով ամրակայվել այնտեղ: Սակայն ուժային կառույցների ներկայացուցիչները թույլ չեն տվել նրանց դա անել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Արդյունքում իսլամիստների մեծ մասը փախուստի է դիմել: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել անկարգությունների կազմակերպիչներից հինգին, մյուսներին որոնում են: Հրապարակի մոտ ոստիկանական պատնեշներ են հայտնվել, ուժեղացվել է հարևանությամբ գտնվող ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանությունների պաշտպանությունը:
Զինվորականների կողմից պաշտոնանկ արվելուց հետո Մուրսիի կողմնակիցները գրեթե երկու ամիս առաջ անժամկետ գործադուլներ հայտարարեցին Կահիրեի երկու կենտրոնական հրապարակներում, որոնք ցրվեցին, արդյունքում երկրում բռնության ալիք բարձրացավ բազմաթիվ զոհերով:
Վերջին շրջանում իրավիճակը կարգավորվում է, սակայն գրեթե ամեն ուրբաթ նախկին նախագահի կողմնակիցները դուրս են գալիս փողոց՝ պահանջելով «վերականգնել օրինականությունը», արգելափակում են հիմնական ճանապարհները և նստացույց են անում պետական հաստատությունների մոտ: Սակայն Թահրիր նրանց հաջողվել է դուրս գալ Մուրսիի պաշտոնանկումից հետո առաջին անգամ:
«Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:
Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:
«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ: