2 հոկտեմբերի 2013 - 22:26 AMT
ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում՝ ԵՄ հետ համաձայնագրի, Ղարաբաղի ու Թուրքիայի մասին

Հայաստանը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության վեհաժողովին ու պատրաստ է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այդ մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է այսօրվա լիագումար նիստում՝ պատասխանելով ԵԽԽՎ անդամների հարցերին։ Նախագահի խոսքով, բանակցությունների սկզբից հայկական կողմն եվրոպական հանձնաժողովի իր գործընկերներին միշտ ասել է, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է ոչ թե հետաքրքրությունների հակասության, այլև համադրության մեջ։ «Մեր գործընկերները մեզ հետ համաձայնում էին»,- նշել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանն այժմ նույնպես պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։

Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ավելորդ է խոսել որևէ ճնշումների մասին։Պատասխանելով հարցին, թե ինչ առաջարկություն է արել Հայաստանը, որին մեր երկիրը չի կարողացել «դիմանալ», Սերժ Սարգսյանը ասել է, որ ՀՀ-ն իր ուղղուց չի շեղվել․

«Մաքսային միությունը միայն Ռուսաստանի միությունը չէ։ ՄՄ-ն մի քանի երկրների միություն է», - նախագահի խոսքերն է փոխանցում Armenia Today-ը։

Ելույթ ունենալով ԵԽԽՎ ամբիոնից, ՀՀ նախագահը հայտարարել է, որ բոլորիը սկզբից էլ հասկանում էինք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների ճանապարհով, ու առանց դրա խնդիրը լուծում չունի: Նրա խոսքով` տևական գործընթացից հետո` 2007 թվականին, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին փաստաթուղթ է առաջարկել, որը այնուհետև կոչվել է Մադրիդյան սկզբունքներ:

«Այդ փաստաթուղթը ենթադրում է կոնֆլիկտի լուծում երեք հիմարար սկզբունքների հիման վրա: Այն է՝ ուժի և դրան սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականություն: Մենք փաստաթուղթը ստանալուց հետո հայտարարեցինք, որ այո՛, մենք հնարավորություն տեսնում ենք այս սկզբունքների հիման վրա լուծել այդ կոնֆլիկտը»,- նշել է նախագահը՝ հիշեցնելով, որ որոշ դադարից հետո Ադրբեջանը ևս հայտարարեց, որ պատրաստ է խնդրի լուծմանը այդ սկզբունքների հիման վրա։

«2008թ-ից սկսած, ես անմիջականորեն ներգրավել եմ բանակցություներին և Ադրբեջանի նախագահի հետ երեք տարուց ավելի բանակցել ենք: Բանակցել ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: 2011թ ամռանը կարծիք կար, որ կողմերը պատրաստ են ստորագրելու հիմարար սկզբունքների մասին փաստաթուղթը: Եվ մենք գնացինք Կազան` ՌԴ քաղաքներից մեկը, որպեսզի հերթական հանդիպման ժամանակ իմի բերենք բանակցածը և ստորագրենք այդ փաստաթուղթը»,- նախագահի խոսքերն է մեջբերում «Այսօր»-ը։

Իր ելույթում նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն:

«Հայտնի է, որ Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները: Ես չեմ ցանկանում խոսել դրա պատճառների մասին, քանի որ դրանք հայտնի են բոլորին: Ես ուղղակի ցանկանում եմ իմ տպավորությունը հայտնել, իսկ տպավորությունս այնպիսին է, որ մոտ ապագայում Թուրքիան մտադիր չէ վավերացնել այդ արձանագրությունները: Խնդիրը մեր մեջ չէ: Յուրաքանչյուր երկիր պետք է պատասխանատվությամբ մոտենա ստորագրած փաստաթղթերին, և մենք նման պատասխանատվություն չենք նկատել, դրա համար էլ հարաբերություններ չկան երկու երկրների միջև», - Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում Panorama-ն:

Երկրի ղեկվաարը նաև նկատել է, որ թուրքական կառավարությունը տարբեր միջոցներով փորձել է առաջարկություններ ներկայացնել, բայց դրանք արվել են միայն միջազգային հանրության համար․

«Եթե նրանք ցանկություն ունեին որևէ բան անել, ապա ուղղակի կարող էին վավերացնել արձանագրություններն ու նորմալացնել հարաբերությունները»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:

Photo: president.am