3 հոկտեմբերի 2013 - 12:52 AMT
Երկաթուղով արտահանման մեջ գերակշռում են գունավոր հանքանյութն ու ցեմենտը, իսկ ներկրման մեջ՝ հացահատիկն ու նավթը

2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ, ինչը 9,5%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ընկերության մամլո ծառայությունում, արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311,0 հազար տոննա` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը: Արտահանման մեջ մեծ են ցեմենտի ծավալները՝ 74,2 հազար տոննա, գունավոր հանքանյութի՝ 70,1 հազար տոննա, արդյունաբերական հումքի՝ 11.6 հազար տոննա, շինանյութի՝ 2,2 հազար տոննա, այլ բեռներ՝ 151,9 հազար տոննա:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազար տոննա բեռ՝ 19,2%-ով նվազելով 2012 թվականի հունվար-օգոստոսի հետ համեմատ: Այս ուղղությամբ մեծ է հացահատիկի ծավալը՝ 192, 2 հազար տոննա, նավթային բեռների՝ 172,5 հազար տոննա, սև մետաղների՝ 54,8 հազար տոննա, քիմիական ու հանքային պարարտանյութի՝ 27,3 հազար տոննա, շաքարի՝ 25,8 հազար տոննա, կոմբիկերի՝ 11,1 հազար տոննա, սննդարդյունաբերության՝ 4,8 հազար տոննա, հացամթերքի՝ 0,8 հազար տոննա, այլ բեռների ծավալը՝ 225 հազար տոննա:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1024,3 հազար տոննա՝ նվազելով 4,8%-ով: Այստեղ մեծ է գունավոր հանքանյութի փոխադրման ծավալը՝ 845,4 հազար տոննա, շինանյութի՝ 85,9 հազար տոննա, հացահատիկի ու ցորենի՝ 24,8 հազար տոննա, ցեմենտի՝ 7,2 հազար տոննա, այլ բեռների՝ 61 հազար տոննա: