5 հոկտեմբերի 2013 - 12:12 AMT
Փիթեր Ստանո. Հայաստանն ու ԵՄ-ն Վիլնյուսում ոչինչ չեն ստորագրի

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում: Օրաթերթին այդ մասին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն:

«Մենք աշխատում ենք գտնել հետագա համագործակցության համար ուղիներ հիմնվելով նրա վրա, ինչին հասել ենք ՀՀ-ի հետ, և այն օգտագործել որպես հիմք մեր համագործակցության համար»,- ասել է Փիթեր Ստանոն:

Հոկտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Ըստ նախագահի, բանակցությունների հենց սկզբից հայկական կողմը միշտ ասել է Եվրահանձնաժողովի իր գործընկերներին, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է ոչ թե շահերը հակադրելու, այլ դրանք համադրելու մեջ: «Մեր գործընկերները համաձայն էին մեզ հետ»,- ասել էր Սարգսյանը՝ հավելելով, որ այժմ էլ Հայաստանը պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ:

Նախօրեին Շտեֆան Ֆյուլեն, ելույթ ունենալով Մոլդովայում քաղաքացիական հանրության ներկայացուցիչների առջև, ասել է. «Վիլնյուսը պետք է շրջափուլ հանդիսանա գործընկերության պատմության մեջ»: Նա թվարկել է այն, ինչին պետք է հասնել Վիլնյուսում՝ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել Ուկրաինայի հետ, նախաստորագրել նմանատիպ համաձայնագրերը Մոլդովայի ու Վրաստանի հետ, մուտքի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրեր կնքել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջընթացի հասնել տրանսպորտային և կրթության ոլորտներում համագործակցության առումով:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Photo: rus.ozodi.org