5 հոկտեմբերի 2013 - 13:32 AMT
Էստոնիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն մտադիր չէ վնասել Ռուսաստանին՝ մերձենալով հետխորհրդային երկրների հետ

Էստոնիայի իշխանությունները գտնում են, որ որոշ հետխորհրդային հանրապետությունների մերձեցումը Եվրոպական միության հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը:

Մասնավորապես, խոսելով Ուկրաինայի հետ Ասոցացման ու Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրերի ստորագրման մասին, Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ «հիմքեր չի տեսնում առճակատման համար, եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ հետ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը»:

Ըստ նրա, «դիմակայության թեման Արևելյան գործընկերության դեպքում չափազանց ուռճացված է»:

«Ծրագիրը հակառուսական չէ»,-ասել է Պաետը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ հավելելով, որ համագործակցությունն Եվրամիության հետ բխում է հետխորհրդային հանրապետությունների շահերից:

Պաետը նաև հայտարարեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում պայմանագրի կնքումով Ուկրաինայի հետ ու նմանատիկ պայմանագրերի նախաստորագրումով Մոլդովայի ու Վրաստանի հետ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը չի ավարտվում:

«Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ինչ են ուզում այդ պետությունները: Օրինակ, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ավելի սերտ հարաբերությունների են ձգտում ԵՄ հետ,-ասել է նախարարը:-Մյուս երկրներն առավել զուսպ են, ամենազուսպը Բելառուսն է: Բայց կան ասպեկտներ, երբ վերջիններս նույնպես գտնում են, որ հարաբերությունները ԵՄ հետ կարող էին կառուցվել որոշակի համակարգային հիմքի վրա»:

Էստոնացի նախարարը չի կարողացել նշել, թե վեց պետություններից որն է պատրաստ կնքել Ասոցացման ու առևտրի մասին պայմանագրերը: Նա հավելել է, որ այդ հարցում շատ բան կախված է Եվրամիության դիրքորոշումից, հայտնում է Ռոսբալտը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: