7 հոկտեմբերի 2013 - 15:35 AMT
Եվրոյի գոտու էկոնոմիկան անկում է ապրում, իսկ Հայաստանում տնտեսական աճը տարեվերջին կարագանա

Եվրոյի գոտու 17 երկրների տնտեսությունները, ըստ երրորդ՝ ամփոփիչ գնահատականի, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նվազել են 0,6 տոկոսով տարեկան առումով, սակայն 0,3 տոկոսի աճ են ունեցել եռամսյակի կտրվածքով, ասվում է եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» գործակալության հաղորդագրության մեջ:

Երկրոդ գնահատականը ենթադրում է ՀՆԱ անկում 0,5 տոկոսով տարեկան կտրվածքով և 0,3 տոկոս աճ եռամսյակի առումով, հայտնում է «Փրայմ» գործակալությունը:

Եվրամիության համախառն ՀՆԱ-ն հաշվետու շրջանում աճել է նախորդ եռամսյակի համեմատ 0,3 տոկոսով և նվազել է 0,2 տոկոսով տարեկան կտրվածքով:

Երկրորդ եռամսյակում առավելագույն անկումն առաջին եռամյսակի համեմատ գրանցվել է Կիպրոսում՝ 1,8 տոկոս, Սլովենիայում և Իտալիայում՝ 0,3 տոկոս: Ամենից շատ աճել է Պորտուգալիայի ՀՆԱ-ն՝ 1,1 տոկոս, ինչպես նաև Գերմանիայի, Մալթայի ու Մեծ Բրիտանիայի՝ 0,7 տոկոս:

Հայաստանում տնտեսական աճի տեմպերը մինչև տարեվերջ կաճեն: Ըստ ՀՀ ԿԲ գնահատականի, դա պայմանավորված է արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող ծրագրերով, ինչպես նաև մեծածավալ ծրագրերով ճանապարհաշինության ոլորտում:

Այնուամենայնիվ, 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է տնտեսական աճի դանդաղում նախատեսված ցուցանիշների համեմատ: Առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս նախատեսված 7,5 տոկոսի փոխարեն: Ընդ որում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-օգոստոսին աճել է 3,8 տոկոսով՝ 2012 թ. նույն շրջանի համեմատ:

Ըստ բյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2013 թ. նախատեսված է 6,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4 տոկոսի (±1,5%):

Պետք է նշել, որ գնաճը Հայաստանում 2013 թ. հունվար-օգոստոսին 2012 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 3,5 տոկոս, այն դեպքում, երբ ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի, ԱՊՀ երկրներում գնաճի միջին ցուցանիշը կազմել է 3,2 տոկոս: Գնաճի տեմպերով Հայաստանը զիջում է Բելառուսին (8,2 %) և Ռուսաստանին (4,5%): Նրանց հաջորդում են Ղազախստանը (3,1%), Տաջիկստանը (2,5 %), Թուրքմենստանը (1,7 %), Ղրղզստանը (1,1%), Մոլդովան (1,1%), Ուկրաինան (0,6 %), Ադրբեջանը (0,1%): Ուզբեկստանի գծով տվյալները չեն ներկայացվել: