8 հոկտեմբերի 2013 - 10:38 AMT
ԱՄՆ-ում շրջանառության մեջ դրվեց նոր 100-դոլարանոց թղթադրամը

100 դոլար արժողությամբ նորացված թղթադրամն այսօրվանից ԱՄՆ-ում շրջանառության մեջ դրվեց եռամյա հետաձգումից հետո, քանի որ տպագրության ժամանակ 1 մլրդ թղթադրամ խոտանի էր վերածվել:

Թղթադրամները լրացուցիչ պաշտպանություն ունեն, ներառյալ եռաչափ պաշտպանիչ կապույտ ժապավենը: Շրջելով թղթադրամը՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են այնտեղ պատկերված զանգակները վերածվում 100 թվանշանի: Թղթադրամն ունի նաև լրացուցիչ պաշտպանիչ ժապավեն, ինչպես նաև միկրոդրոշմ: Իսկ թղթադրամի վրա պատկերված որոշ օբյեկտներ փոխում են գույնը շրջելիս՝ օրինակ, թանաքամանի մեջ ավելացված զանգակը փոխում է գույնը պղնձագույնից մինչև կանաչը և հակառակը: Անփոփոխ է մնացել Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը, որն ԱՄՆ հինմնադիր հայրերից է:

Բոլոր այդ նորամուծությունները բարձրացրել են թղթադրամի արժեքը 11-ից մինչև 14 ցենտ: Ինչպես նշվում է ՌԴԾ հաղորդագրությունում, մարդկանց ավելի հեշտ կդառնա ստուգել թղթադրամների իսկությունը, իսկ կեղծարարներին՝ ավելի դժվար կեղծել դրանք:

Թղթադրամները տպագրում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության Փորագրության և մամուլի բյուրոն: Թղթադրամների դիզայնն առաջին անգամ ներկայացվել է դեռ 2010 թվականին, սակայն տեխնիկական խոտանի պատճառով դրանց թողարկումը հետաձգվել է: Ըստ ՌԴԾ-ի, ապրիլի 17-ին շրջանառության մեջ էր 1,18 տրլն դոլար, ընդ որում երկու երրորդը ԱՄՆ-ից դուրս: Վերջին 5 տարում շրջանառության մեջ գտնվող դոլարների քանակն ավելացել է 42 տոկոսով, վկայում են Financial Times-ի տվյալները:

Ինչպես գտնում են վերլուծաբանները, պահանջարկի աճը ևս մեկ ապացույց է, որ դոլարը պահպանում է աշխարհի գլխավոր ռեզերվային արժույթի իր կարգավիճակը: Ըստ փորձագետների, այդ կարգավիճակը ԱՄՆ-ին թույլ կտա տարեկան տնտեսել մոտ 29 մլրդ դոլար պետպարտքի սպասարկման համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Թղթադրամներն ենթադրվում էր շրջանառության մեջ դնել դեռ 2010 թվականի փետրվարին, սակայն հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ՌԴԾ-ն հայտարարեց, որ նոր թղթադրամների մոտ մեկ երրորդը խոտանվեց:

100-դոլարանոց թղթադրամներն ավելի շատ են կեղծվում, քանի որ լայնորեն տարածված են: Այժմ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների 0,01 տոկոսն ազատ շրջանառությունում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շրջանառվող թղթադրմները թողարկվել են 1990-1996 թվականներին:

Photo: AP