8 հոկտեմբերի 2013 - 11:26 AMT
Փարիզում վախճանվել է հայտնի ֆրանսիացի դերասան ու ռեժիսոր Պատրիս Շերոն

Ֆրանսիացի դերասան ու ռեժիսոր, եվրոպական կինոփառատոների բազմակի դափնեկիր Պատրիս Շերոն վախճանվել է 68 տարեկան հասակում: Նա մահացել է հոկտեմբերի 7-ին Փարիզում թոքերի քաղցկեղից:

Շերոն ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 2-ին Լեզինյեում նկարչի ընտանիքում: Ավարտելով Լյուդովիկոս Մեծի անվան փարիզյան լիցեյը՝ սկսեց դերասանի ու ռեժիսորի կարիերան հենց ուսումնական հաստատության բեմում: 22 տարեկան հասակում նա գլխավորել է Սարտրուվիլ քաղաքի թատրոնը, որտեղ բեմադրել է Մարիվոյի, Լաբիշի, Յակոբ Լենցի պիեսները: Հետագայում նա աշխատել է Միլանի «Պիկկոլո թատրոնում»:

1969-ին նա բեմադրեց իր առաջին «Ռոսինի» օպերան: 1971 թվականին նա վեց տարի Ռոժե Պլանշոնի և Ռոբեր Ժիլբերի հետ միասին գլխավորում էր Ազգային ժողովրդական թատրոնը Վիլլեբրանում: 1982 թվականին նա գլխավորել է թատրոնը Նանտերում: Ընդամենը ռեժիսորի հաշվին կա մոտ 30 բեմադրություն ու օպերա:

Կինեմատոգրաֆում իր կարիերան ռեժիսոր Շերոն սկսել է 1974 թ. «Խոլորձի մարմինը» կինոնկարից, չորս տարի անց էկրան է բարձացել նրա «Ժյուդիտ Տերպով» ֆիլմը: 1983 թվականին նա նկարահանեց «Վիրավոր մարդը» կինոֆիլմը, այդ ֆիլմի համար նա ստացել է «Սեզար» մրցանակը լավագույն կինոսցենարի համար:

Պատրիս Շերոյին համաշխարհային հռչակ բերեց «Մարգո թագուհին» ֆիլմը Իզաբել Աջանիի դերակատարմամբ, որն էկրան բարձրացավ 1994 թվականին: Ֆիլմը մրցանակներ նվաճեց Կաննի կինոփառատոնում: Հաջորդ ֆիլմը՝ «Ով ինձ սիրում է, գնացքով կգնա» (1998 թ.) արժանացավ «Սեզար» մրցանակի ռեժիսուրայի համար:

Միակ անգլալեզու «Ինտիմ» ֆիլմը, որը Շերոն նկարահանեց 2000 թվականին, արժանացել է Լուի Դելլյուկի մրցանակին, Բեռլինի կինոփառատոնի «Երկնագույն հրեշտակ» պարգևին, Լյումյեր եղբայրների մրցանակին ու Ռիո դը Ժանեյրոյի կինոփառատոնի Քննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին: 2003 թվականին «Նրա եղբայրը» ֆիլմը արժանացավ «Արծաթե արջի» Բեռլինալեում ռեժիսորական աշխատանքի համար:

Նրա վերջին ֆիլմը եղավ «Հետապնդումը», նկարահանված 2009 թվականին: