8 հոկտեմբերի 2013 - 16:34 AMT
Թուրքիայում թույլ են տվել հիջաբ կրել պետական հաստատություններում

Թուրքիայում չեղյալ է հայտարարվել գրեթե 90 տարի գործող պետական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը: Նշվում է, որ որոշումը չի տարածվում բանակի ու դատարանների վրա: Որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագրում:

«Կանոնը, որը վերաբերում էր հագուստի ընտրությանն ու կենսակերպին, և հանդիսանում էր անհավասարության, խտրականության ու անարդարության աղբյուր մեր հանրության շրջանում, այժմ անցավ պատմության գիրկը»,-իր Twitter-ում գրել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Անցած շաբաթ վարչապետ Էրդողանը ներկայացրեց հասարակության ժողովրդավարացմանն ուղղված միջոցները, որոնք, ըստ նրա, կնպաստեն կայունությանը Թուրքիայում: Էրդողանը հայտարարել է, որ կխստացվեն պատիժներն այն հանցագործությունների համար, որոնք կատարվում են ազգային, կրոնական, սեքսուալ կողմնորոշման, քաղաքական համոզմունքների, հաշմանդամության, աշխարհայացքի հողի վրա: Նա հայտարարեց, որ կստեղծվի Խտրականության և այլատյացության դեմ պայքարի խորհուրդ:

Կթույլատրվի մահմեդական գլխաշորի կրումը պետական հաստատություններում: Հիջաբ կրելու արգելքը սահմանվել էր 1925 թվականին՝ օրենքների փաթեթով, որով արգելվեցին ամեն տիպի կրոնական խորհրդանիշները պետական հաստատություններում:

Photo:mylitta.ru