8 հոկտեմբերի 2013 - 17:21 AMT
Հայաստանի պետական բյուջեն շարունակում է կատարվել հավելուրդով

2013 թ. հունվար-օգոստոսին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 696.3 մլրդ: Արձանագրված եկամուտներով ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովվել է 88.4 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 62.3 մլրդ դրամ հավելուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 21.7 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Բյուջեի եկամուտներն աճել են 18.5% ով կամ շուրջ 108.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա ութ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 657 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով:

2013 թ. հունվար-օգոստոսին Հայաստանի պետբյուջեի ծախսերը կազմել են 634 մլրդ դրամ: Արձանագրված ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովվել է 81.8 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջեի ծախսերը աճել են 7.6%-ով կամ 44.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կազմել են 590.2 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով 7.9%-ով կամ 43.3 մլրդ դրամով:

Պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: