8 հոկտեմբերի 2013 - 17:38 AMT
Եգիպտոսը մերժել է Թուրքիային պաշտոնանկ արված Մուրսիի հետ հանդիպման հարցում

Թուրքիան խնդրել է Եգիպտոսի ղեկավարությանը հնարավորություն տալ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանդիպել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ, գրում է Today's Zaman-ը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Պաշտոնական Անկարան համաձայն է հանդիպել Եգիպտոսի ղեկավարության հետ միայն Մուրսիի հետ հնարավոր հանդիպման պայմանով:

Թուրքիան խզեց բոլոր դիվանագիտական հարաբերություններն Եգիպտոսի հետ Մուրսիի տապալումից հետո հուլիսի 3-ին:

Եգիպտական կողմն ողջունում է Դավութօղլուի այցը՝ մերժելով Անկարային նախկին նախագահի հետ հանդիպման հարցում:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: