9 հոկտեմբերի 2013 - 15:28 AMT
Ըստ լիտվացի պաշտոնյաների, գործընթացը Երևանի հետ պետք է զրոյից սկսել, որի համար ամիսներ կպահանջվեն, եթե ոչ տարիներ

Լիտվայի ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման մասին համաձայնագրի որևէ տարբերակի նախաստորագրում չի նախատեսվում:

Լիտվայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ ու կառավարության տարբեր պաշտոնյաներ, որոնք խնդրել են չնշել իրենց անունները, ասում են, որ դա անհնար է մի քանի պատճառներով: Ըստ նրանց, առաջին հերթին, այն, որ գագաթաժողովի մեկնարկին հաշված շաբաթներ են մնացել և մի քանի հարյուր էջ պարունակող այդ փաստաթղթում փոփոխություններ կատարելը ֆիզիկապես անհնար է: Բացի այդ, Եվրահանձնաժողովի պաշտոնյաները Հայաստանի հետ տևական բանակցային գործընթացի ժամանակ Ասոցացման մասին համաձայնագիրը դիտարկել են որպես մեկ միասնական փաստաթուղթ, որի առանձին հատվածները զատելու ու նախաստորագրելու համար նրանք պետք է նոր բանակցային մանդատ ստանան Եվրահանձնաժողովից, կամ ԵՄ անդամ պետություններից: Լիտվացի պաշտոնյաներն ասում են, որ գործընթացը հարկավոր է զրոյից սկսել, որի համար ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն:

Նրանք նշում են նաև, որ եվրոպացի պաշտոնյաները Բրյուսելում բավականին հիասթափված են Հայաստանի վերջին պահին ընդունած որոշումից և այնքան էլ ցանկություն չունեն շատ արագ աշխատելու, որպեսզի հասցնեն արմատապես փոխել փաստաթուղթը մինչև գագաթաժողովը:

Հայաստանի հանդեպ լիտվացի պաշտոնյաների շրջանում գերակշռում է ըմբռնումն ու նույնիսկ որոշակի «ցավակցական» վերաբերմունքը: Նրանք հասկանում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ՝ նրանք նշում են Վլադիմիր Պուտինի վերջին այցը Բաքու, ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, այդ ամենը համարելով Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման դրսևորում: Հենց այդ պատճառով են նրանք ասում, որ Հայաստանի այդ քայլը պետք է ըմբռնումով ընկալել:

Այդ ֆոնի վրա բավականին կոշտ էին մեկ այլ լիտվացի պաշտոնյա՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Պետրաս Աուշտրեվիչուսի գնահատականները: Նա քննադատել է Սերժ Սարգսյանի քայլը Մաքսային միությանն անդամակցելու հարցում՝ նշելով, որ այդ քայլը մեծ անակնալ չեղավ եվրոպացիների համար, մասնավորապես, իր համար, սակայն այն խախտեց երկու եվրոպական սզկբունք՝ թափանցիկությունն ու կանխատեսելիությունը:

«Դա քաղաքականություն վարելու եվրոպական ձև չէ, այդպիսի քաղաքականություն են վարում Եվրոպայից դեպի արևելք ընկած տարածաշրջաններում»,-ասել է Աուշտրեվիչուսը:

Նա գտնում է, որ, դառնալով ՄՄ անդամ, Հայաստանը կտրուկ կնվազեցնի եվրաինտեգրման իր հնարավորություններն ու այսուհետ ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանը ավելի ցածր կարգավիճակ կունենա քան Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը, հայտնում է «Ազատություն» ռասդիոկայանի հայկական ծառայությունը:

Նախօրեին Բրյուսելում Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել գործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների ու առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում:

Հոկտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Ըստ նախագահի, բանակցությունների հենց սկզբից հայկական կողմը միշտ ասել է Եվրահանձնաժողովի իր գործընկերներին, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է ոչ թե շահերը հակադրելու, այլ դրանք համադրելու մեջ:

Ավելի վաղ Շտեֆան Ֆյուլեն, ելույթ ունենալով Մոլդովայում քաղաքացիական հանրության ներկայացուցիչների առջև, ասել էր, որ Վիլնյուսը պետք է շրջափուլ հանդիսանա գործընկերության պատմությունում: Նա թվարկել էր այն, ինչին պետք է հասնել Վիլնյուսում՝ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել Ուկրաինայի հետ, նախաստորագրել նմանատիպ համաձայնագրերը Մոլդովայի ու Վրաստանի հետ, մուտքի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրեր կնքել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջընթացի հասնել տրանսպորտային և կրթության ոլորտներում համագործակցության առումով:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսականհամագործակցության հետ:

Photo: armenianleaders.wordpress.com