9 հոկտեմբերի 2013 - 18:03 AMT
Կարսի Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկում

Կարսում գտնվող Մրենի հայկական տաճարն ընդգրկվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդի» պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցուցակում, գրում է еrmenihaber.am-ը: Հուշարձանների համաշխարհային ֆոնդը 1996 թվականից սկսած 2 տարին մեկ հրապարակում է աշխարհի հուշարձանների դիտարկումների ցուցակը: 2014-ի ցուցակում, որը հրապարակել է կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմը, ընդգրկված են 41 երկրրի 67 հուշարձան: Դրանք վտանգված են և ունեն հատուկ պահպանության կարիք:

Թուրքական «Թելալ» լրատվական կայքը հայտնում է, որ այդ ցուցակում է նաև Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:

Ամերիկահայ Քրիստինա Մարանջը, որը մոտ 10 տարի զբաղվել է տաճարի ուսումնասիրությամբ, նշել է, որ սահմանի մոտ և զինվորական շտաբի տարծաքում գտնվելու պատճառով այն ուսումնասիրելը, այնտեղ գնալը դժվար է եղել:

«Իմ հիմնական նպատակը տաճարի պահպանությունն է: Տաճարի հարավային պատը քանդված է: Հույս ունեմ, որ ցուցակում ընդգրկվելով հատուկ պահպանության կարիք ունեցող եկեղեցուն Անիի և Ախթամարի պես վերաբերմունք կցուցաբերվի», - նշել է մասնագետը:

Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի է Թուրքիայի տարածքում։ Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը` 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է պարզությամբ, ծավալները` ակնահաճո համաչափություններով: Մրենը պահպանության խիստ կարիք ունի, քանի որ դրա վիճակը ծայրաստիճան վատթարացել է վերջին տարիներին:

Photo:fresnostate.edu