14 հոկտեմբերի 2013 - 13:36 AMT
ՀԲ. Ֆինանսական ռիսկերն, այդ թվում ԱՄՆ կողմից, արգելակում են Հայաստանի էկոնոմիկայի վերականգնումը

Զարգացող շուկայով Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում գլոբալ ֆինանսական ճգնաժամի և եվրոյի գոտում ճգնաժամի պատճառով դանդաղած տնտեսական աճը սկսել է վերականգնվել: Կանխատեսվում են աճի չափավոր տեմպեր, որոնք պետք է կազմեն 2,2 տոկոս 2013 թվականին և 3,1 տոկոս 2014 թվականին: Այդ մասին հայտնել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ԶԼՄ-ների համար ճեպազրույցում ԱՄՀ և ՀԲ ամենամյա տարեկան ժողովի ժամանակ: Սակայն, աշխարհի այլ տարածաշրջանների համեմատ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գրանցվում են էկոնոմիկայի աճի վերականգնման ամենադանդաղ տեմպերը և պահպանվում է խոցելիությունը ռիսկերից, որոնք հատուկ են արագ փոփոխվող գլոբալ տնտեսությանը:

«Լավ նորությունն այն է, որ ճգնաժամի ռիսկը եվրոյի գոտում նվազել է, և Եվրոպան աստիճանաբար դուրս է գալիս ռեցեսիայից, ինչն անդրադառնում է վերոնշյալ երկրների վրա: Իսկ վատ նորությունն այն է, որ հայտնվում են նոր ֆինանսական ռիսկեր, այդ թվում ԱՄՆ կողմից, որոնք զսպում են տնտեսական աճի առանց այդ էլ անվստահ վերականգնումը»,-հայտարարել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Լորա Թարկը:

Մյուս կողմից Թուրքիայի ու ԱՊՀ երկրների տնտեսությունները, որոնք պակաս կախվածություն ունեն եվրոյի գոտուց, ցուցադրեցին ավելի վստահ աճ՝ 2009-2012 թթ. աճի միջին տարեկան տեմպերը այդ երկրների տնտեսություններում կազմել են 4,4 տոկոս՝ Կենտրոնական, Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների 1,9 տոկոսի համեմատ: 2013 թվականին կանխատեսվում է, որ ԱՊՀ երկրներում տնտեսական աճի տեմպերը կհասնեն 2,4 տոկոսի, չնայած Ռուսաստանի էկոնոմիկայի աճի տեմպերին՝ մինչև 1,8 տոկոս: Թուրքիայի էկոնոմիկան ընթացիկ տարում, ինչպես ակնկալվում է, 3,6 տոկոս աճ կունենա: 2014 թվականի համար Բանկը կանխատեսում է 3,5 տոկոս աճ ԱՊՀ տնտեսությունների համար, 3,1 տոկոս աճ Ռուսաստանի համար և 3,5 տոկոս աճ Թուրքիայում:

Այնուամենայնիվ, ֆինանսական բնույթի նոր ռիսկերը, այդ թվում ԱՄՆ կողմից, արգելակում են տնտեսական աճը Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում, ասվում է ՀԲ երևանյան գրասենյակից PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ: Ընթացիկ տարվա մայիսին ԱՄՆ Ռեզերվային դաշնային ծառայության կողմից քանակական մեղմացման ծրագրի փակումից հետո, կապիտալի ներհոսքը Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներ դանդաղեց, տոկոսային եկամուտն աճեց, արժեքավոր թղթերի շուկաները կտրուկ անկում գրանցեցին, իսկ ազգային արժույթները սկսեցին արժեզրկվել: Այդ գործոններն անդրադարձան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այն երկրների վրա, որտեղ մեծ է ընթացիկ գործողությունների հաշիվների դեֆիցիտը, որոնք խոցելի են կապիտալի ներհոսքի դեպքում, այդ թվում Արևմտյան Բալկաններում, Հայաստանում ու Բելառուսում:

«Դաժան իրականությունն այն է, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների զարգացող տնտեսությունների հիմնական խդնիրները կառուցվածքային բնույթ են կրում և պահանջում են անհրաժեշտ կառուցվածքային որոշումներ ազգային մակարդակով: Տարածաշրջանի կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն այնպիսի առանցքային խնդիրների լուծման համար, ինչպիսիք են նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության ծերացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարումը»,-հավելել է Լորա Թարկը:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցել է Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի ևՀամաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ է ունեցել հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ:

ՆախարարըՎաշինգտոնում մասնակցել է նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը: