Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի խոսքերը: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱՄՆ դեսպանի հետ նախարարի հանդիպման մասին կրում է մասնավոր ու դիվանագիտական բնույթ: Այն կառուցողական է եղել: Սակայն դեսպանին վերագրվող խոսքերը հստակ չեն»,-այդ մասին Turan գործակալությանն են հայտնել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ մեկնաբանելով ՊՆ մամլո ծառայության տեղեկատվությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ նախարարը դժգոհություն է հայտնել ԱՄՆ կողմից Ադրբեջանի նախագահական ընտրությունների քննադատության վերաբերյալ, իսկ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը համամիտ է եղել Սաֆար Աբիևի հետ և նշել է, որ ընտրություններն արդեն ավարտվել են և հաղթել է Իլհամ Ալիևը: «Նախագահական ընտրությունների քննադատությունը չի ազդում դրանց արդյունքների վրա՝ Իլհամ Ալիևը հաղթել է»,-իբր հայտարարել է դեսպանը: Նախօրեին Ադրբեջանի ԶԼՄ-ներում հրապարակվել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հարցազրույցը:
Հարցազրույցում խոսքը գնում էր երկրում հետընտրական իրավիճակի մասին: Մեհտիևը նշել էր նաև, որ ԱՄՆ կառավարությունը բարեխոսում էր Ադրբեջանի կառավարության առջև, որպեսզի իբր Ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին ձայների 25 տոկոսը «տրվի»:
Բաքվում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունը հանդես է եկել հերթական հերքումով, որ Մեհտիևի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տվել Ադրբեջանի կառավարությանը թեկնածուներից մեկին ձայների 25 տոկոսը տալ, չի համապատասխանում իրականությանը»:
Նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի են ունեցել հոկտեմբերի 9-ին, որտեղ հաղթեց գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ընտրություններին բացասական գնահատական տվեցին ԱՄՆ Պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ-ն և այլ դիտորդներ: