17 հոկտեմբերի 2013 - 18:15 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանցիները բոլորովին են վախը կորցրել՝ գնդակոծում են Ղարաբաղի դիրքերն ԵԱՀԿ անդամների աչքի առաջ

Անպատժելիությունը, ինչպես հայտնի է, նորանոր հանցանքներ է ծնում: Այս արտահայտությունը լավ է բնութագրում այսօրվա Ադրբեջանի աշխարհընկալումը: Համաշխարհային հանրության արձագանքի բացակայությունը Բաքվի սադրանքներին և, ցավոք սրտի, ղարաբաղյան կարգավորման ձախողման բավականին հաջող փորձերը, հանգեցնում են նրան, որ ադրբեջանական կողմը աչքի առաջ գնալով լկտիանում է՝ կորցնելով իրականությունն ընկալելու զգացողությունը:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր էր հերթական մոնիտորինգն անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Բայց «պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Նման վարքագիծը համաշխարհային հանրության թողտվության արդյունք է: Արդեն առաջին տարին չէ, ինչ ադրբեջանական կողմը դիվերսիաներ է կազմակերպում, խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում է ինչպես հայկական ԶՈւ դիրքերը, այնպես էլ սահմանամերձ հայկական գյուղերը: Արդյունքում տուժում են ոչ միայն զինծառայողները, այլև խաղաղ բնակիչները: Միայն 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 14.000 անգամ: Ադրբեջանը նաև ամեն կերպ խոչընդոտում է խաղաղ գործընթացին և ուղղակի անտեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կոչերն ու պահանջները, ընդ որում բոլոր մակարդակներում՝ նախագահից սկսած մինչև բանախոսներ: Կարի՞ք կա հիշատակելու ադրբեջանական ղեկավարության մշտական ռազմաշունչ ելույթները, որտեղ նա պատերազմով է սպառնում Հայաստանին ու Ղարաբաղին, բոլոր միջազգային քվոտաների խախտումներով գնվող ու արտադրվող զենքի հսկայական պաշարների մասին: Այդ փաստերը բոլորին էլ հայտնի են:

Սակայն համաշխարհային հանրության արձագանքն ադրբեջանական այս թողտվությանը կարելի է բնութագրել մեկ բառով՝ զրոյական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու կարգավորման հարցում շահագրգիռ միջազգային հանրության հատվածը սահմանափակվում են դեկլարատիվ բնույթի և կոնկրետ հասցեատեր չունեցող հայտարարություններով ու «հրադադարի ռեժիմը» պահպանելու հորդորներով, «վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստող մեխանիզմների մշակման» խորհուրդներով և այլն: Միջնորդները նույնիսկ ոչ մի կերպ չարձագանքեցին հայտարարությանը, թե «Ադրբեջանը չի հեռացնի դիպուկահարներին առաջնագծից մինչ հակամարտության հանգուցալուծումը»: Իսկ չէ որ դիպուկահարներին հետ քաշելը ոչ թե հորդոր է, այլ միջազգային կազմակերպությունների պահանջ: Բայց իրենց պահանջների նույնիսկ նման անթաքույց անտեսումն այդ կազմակերպությունները լուռ կուլ տվեցին, ինչն էլ Ադրբեջանին ավելի հեռուն գնալու ու ղարաբաղյան դիրքերըգնդակոծելու առիթ է տալիս, արդեն անգամ չամաչելով ԵԱՀԿ առաքելության անդամների ներկայությունից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net