ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 17-ին հայտարարություն են տարածել Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու նրա դաշտային օգնականները մասնակցել են դիտարկմանը զինված ուժերի շփման գծի հարավային մասում: Երկու կողմերի հրամանատարներից անվտանգության երաշխիքներ ստանալուն պես, ԵԱՀԿ երկու թիմերը ժամանել են դիտարկման վայր, որից հետո կրակոցներ են լսվել: Պարզել, թե որտեղից են հնչել կրակոցները, «հնարավոր չի եղել»:
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անձնական ներկայացուցիչը որոշել է հետաձգել դիտարկումը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ նման բացառիկ միջադեպերը, որոնք ափսոսանքի են արժանի, խախտում են անձնական ներկայացուցչի և նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը:
Համանախագահները հորդորել են պաշտոնյաներին հետաքննել միջադեպը:
Մինչդեռ, «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական այցը կկատարեն տարածաշրջան նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Միջնորդները կմեկնեն Բաքու, հետո՝ Երևան:
Այցի նպատակն է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը: «Միջնորդները մտադիր են առաջարկել նրանց հանդիպել: Ամեն ինչ կախված է կողմերից: Համաձայնության դեպքում հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջում»,-հայտնել է աղբյուրը:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: