21 հոկտեմբերի 2013 - 15:30 AMT
Ա.Լուկաշենկոն գտնում է, որ շուտով Եվրասիական տնտեսական խորհուրդն ու ԵՄ-ն նույն մակարդակի գործընկերներ կդառնան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ԱՊՀ երկրների համատեղ բանակցություններն Եվրամիության հետ ավելի մեծ արդյունք կտան, քան առանձին երկրների բանակցությունները:

«Վստահ եմ՝ եթե մենք միասին բանակցենք միասնական Եվրոպայի հետ, դա շատ ավելի արդյունավետ կլինի, քան առանձին երկրների բանակցությունները, որոնք հաճախ անց են կացվում վերջիններիս համար ստորացուցիչ պայմաններով»,-ասել է նա այսօր ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների հետ հանդիպմանը: Ըստ նրա, «միասին մենք ուժ ենք, որի հետ հաշվի կնստեն»:

Լուկաշենկոն նշել է, որ այսօր պետք չէ նայել Եվրամիությանը, այլ «հարկավոր է սովորել ավելի գնահատել այն, ինչ ունենք»: «Չէ որ Եվրոպան շատ հարցերում միայն սովորում է միավորվել, և դեռ շատ բան ունի հաղթահարելու այդ ճանապարհին»,-ասել է նախագահը: Նա նշել է, որ ԱՊՀ երկրները համատեղ կյանքի հսկայական պատմական փորձ ունեն:

Ըստ նախագահի, շատ երկրներ կողմնորոշվում են ուժի տարբեր կենտրոնների: Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը կառուցում են Եվրասիական տնտեսական միությունը, Ուկրաինան ու Մոլդովան փորձում են ընդլայնել կապերն ԵՄ հետ: Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու հնարավորությունը: Կենտրոնական Ասիայում աճում է Չինաստանի ձգողականությունը: Այն փաստը, որ ԱՊՀ երկրները տարբեր քաղաքականություն են վարում, ըստ Լուկաշենկոյի, ուժեղացնում է միավորող ինչ-որ մեխանիզմի պահանջը, որի «նշանակալի տարրն է երկխոսության ընդհանուր հարթակը»: Նա նշել է, որ այն, «ինչին մենք ձգտում ենք այժմ ԱՊՀ շրջանակում, նոր կոմունալ բնակարան չէ, այլ ավելի շուտ հարմարավետ քոթեջային ավան, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ իր սեփական տունն ունի»:

«Ռուսաստանի ու Ղազախստանի հետ մենք Մաքսային միություն ստեղծեցինք, այսօր մոտենալով ինտեգրման նոր փուլի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը»,-ասել է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ հաշվի առնելով մի շարք այլ պետությունների ձգտումը անդամակցել այդ միությանը, շուտով Եվրասիական տնտեսական խորհուրդն ու ԵՄ-ն նույն մակարդակի գործընկերներ կդառնան: «Հարկ կլինի հավասարակշռել նրանց շահերը»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եվրամիության Խորհուրդը ԱԳՆ ղեկավարների մակարդակով հետաձգել է Ուկրաինայի հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրման մասին որոշման կայացումը: ԵՄ պաշտոնյաները գտնում են, որ երկիրը դեռ չի հասել անհրաժեշտ առաջընթացի: Ինչպես հայտնում է Facenews-ը, ճգնաժամից ելք գտնելու համար Կիև և Խարկով կայցելի Պատրիկ Քոքսի ու Ալեքսանդր Կվասնեվսկու առաքելությունը արտահերթ այցով:

Հոկտեմբերի 21-ին Լյուքսեմբուրգում ԵՄ Միջազգային գործերի խորհրդի նիստում նախատեսվում էր որոշում կայացնել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին: Սակայն անցած շաբաթ Բրյուսելում պաշտոնապես հայտարարեցին, որ այսօր այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվի:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: