22 հոկտեմբերի 2013 - 11:08 AMT
Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Կանադայի Քվեբեկ նահանգի բնակչության քանակով թվով երրորդ Լավալ քաղաքում հոկտեմբերի 21-ին բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը: Ինչպես գրում է Asbarez-ը, սա առաջին նման հուշարձանն է այդ քաղաքում:

Բոլոր հայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ բացվեց «Խաչելություն, հարություն, վերածնունդ» անվանումը կրող հուշարձանը: Բացմանը նախորդեց օծման արարողությունը: Բացմանը ներկա էին հուշարձանի կանգնեցման կոմիտեի նախագահ Սաքո Յաղուբյանը, կոմիտեի անդամ Հովիկ Թուֆենկյանը և Կանադայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կոմիտեի նախագահ Մհեր Ղարաքաշյանը:

Հուշարձանի հեղինակն է Արտո Չաքմաքչյանը, ըստ նրա դա հուսո հուշարձան է:

Արարողությանը հանդես են եկել նաև Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, որը կոչ արեց համաշխարհային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հուշարձանը բացվել է տեղի և դաշնային ղեկավարության ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք ևս խոսել են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: