22 հոկտեմբերի 2013 - 12:32 AMT
Սպիտակ տունը Թուրքիայի ճնշման տակ թույլ չի տալիս «Հայ որբերի գործած գորգերը» ցուցահանդեսը

Թուրքիան ճնշում է գործադրում ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի վրա՝ նպատակ ունենալով չեղյալ հայտարարել Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտի «Հայ որբերի գործած գորգերը» ցուցահանդեսը, նվիրված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օտարերկրյա պետությունը միջամտում է Սմիթսոնի ինստիտուտի գործունեությանը: Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր կառավարությունը կմերժի Անկարայի միջամտությունը և այլ պետությունում գրաքննություն սահմանելու նրա փորձերը: Ամերիկացիները պետք է իրազեկ լինեն պատմության առանցքային իրադարձություններին, մանասվորապես Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսի բացման ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի և այդ կարևոր գեղարվեստական աշխատանքները պետք է հասանելի լինեն ԱՄՆ հանրությանը, ասվում է ANCA հաղորդագրության մեջ:

The Washington Post-ում հրապարակված հոդվածում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լրագրող Ֆիլիպ Քեննիքոթը գրում է. «Եթե դուք կարող եք կարդալ գորգի նախշերը, որոնք բույսեր ու կենդանիներ են պատկերում, ապա կարող եք պատկերացնել Էդեմի պարտեզները, սակայն այդ այգիները նույնքան հեռու են այդ ժամանակներից, քանի որ ստեղծվել են Հայոց ցեղասպանության տարիներին: 1-1,5 մլն մարդ է սպանվել ու սովամահ եղել, իսկ մյուսները ստիպված են եղել լքել իրենց տները: Դա արդի ժամանակների առաջին ցեղասպանությունն էր: Շատերը որբ մնացին, այդ թվում 100 հազար երեխաներ, որոնց օգնում էր Մերձավոր Արևելքում գործող կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը օգնեց տեղափոխել ու պաշտպանել աղջիկներին, որոնք գործում էին «որբի գորգեր»: Դա եղել է Ղազիր քաղաքում, որն այժմ Լիբանանում է և արվել է դա որպես երախտագիտության նշան ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության տարիներին օգնության համար»:

Նա նաև նշում է, որ հույս կար, որ գորգը, որը 20 տարի պահվել է ինստիտուտի պահեստում, կարող է ի ցույց դրվել դեկտեմբերի 16-ին և դառնալ Հակոբ Մարտին Դերանյանի գրքի շնորհանդեսի մի մասը: «Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնի թանգարանի գիտնականները, որոնք օգնել են կազմակերպել միջոցառումը, չեղյալ հայտարարեցին այն՝ հղում անելով Սպիտակ տան որոշման վրա և չեն տրամադրել գորգը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի ջանքերը ևս ապարդյուն եղան: «Որբի գորգը» գտնվում է Սպիտակ տանը և ոչ ոք չի կարող այն տեսնել»,-գրում է Քեննիքոթը:

ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Օբամայի որոշումը բացասական արձագանք ստացավ աշխարհի հայության շրջանում: «Լինելով սենատոր և նախագահի թեկնածու Օբաման ասում էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ դառնալով, հրաժարվեց իր խոսքից: Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից և լոկ ընդհանուր հայտարարություններ է անում հայերի տառապանքների մասին: Նրա լռությունն այդ հարցում մատնանշում է Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանում, որը միայն բարդացնում է Արաբական գարունն ու քաղաքացիական պատերազմը Սիրիայում»,-ասել է Համբարյանը: