22 հոկտեմբերի 2013 - 14:57 AMT
ԵՄ-ն փորձում է Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու ուղիներ գտնել

Եվրամիությունը պետք է ուսումնասիրի և վերանայի Երևանի հետ պլանավորած բոլոր ծրագրերը, գտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան:

«Մասնավորապես, դա վերաբերում է ազատ առևտրի խորը ու համապարփակ գոտու ստեղծմանը»,-ասել է Խրիստեան «Արևելյան գործընկերության եվրաինտեգրման վարկանիշ-2012» հետազոտության երրորդ փուլի արդյունքների ներկայացման ժամանակ:

Նա ասել է, որ այսօր ԵՄ-ն փորձում է ուղիներ գտնել շարունակելու համար հաջող համագործակցությունը Հայաստանի հետ և հարաբերությունների զարգացման համար Երևանի հետ գործընկերային հիմքեր ստեղծելու համար: Նա հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել ՀՀ քաղաքացիական հանրությանը:

«Հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը՝ քաղաքացիական հանրության հետ մեր հարաբերություններն ավելի են կարևորվում»,-հավելել է նա, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Իր հերթին, ինչպես հայտնում է ԱՌԿԱ-ն, Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են համատեղ փաստաթուղթ ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում:

«Այս պահին քննարկվում է համագործակցության արդյունավետ օրակարգը: Մենք հուսով ենք, որ մինչ Վիլնյուսի գագաթաժողովը մենք կունենանք փաստաթուղթ, որով կսահմանվեն Եվրամիության հետ Հայատանի համագործակցության հետագա շրջանակները»,-ասել է նա: Նախարարը հայտնել է, որ կոմիտեի նիստում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների հեռանկարները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության լույսի ներքո:

Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի ու ԵՄ հարաբերությունները նախկինի պես բարձր մակարդակի վրա են:

«Նիստի շրջանակում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, կապված երկկողմ հարաբերությունների խորացման ու ընդլայնման հետ: Մասնավորապես, կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, կքննարկվեն մի շարք քաղաքական հարցեր»,-ասել է նա:

Վիլնյուսում նախատեսվում էր ԵՄ և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն: