23 հոկտեմբերի 2013 - 13:19 AMT
Asbarez. Ալի Բաբաջանի ելույթը Լոս Անջելեսում սուտ է սկզբից մինչև վերջ

Ելույթ ունենալով Լոս Անջելեսի Միջազգային հարցերի խորհրդում (LAWAC), Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը ստել է Թուրքիայի տնտեսական առաջընթացի, տարածաշրջանում երկրի դերակատարության ու Հայ-թուրքական արձանագրությունների մասին: Բաբաջանը ներկայացրել է բարգավաճող Թուրքիայի պատկերը, որը միանգամայն հեռու է իրականությունից, գրում է Asbarez-ը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) Հոգաբարձուների խորհրդի անդամ Լևոն Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ Բաբաջանը բնութագրել է հայ-թուրքական արձանագրությունները որպես հարաբերություններին եռամիասնական մոտեցում, ներառյալ ղարաբաղյան կարգավորումը: Փաստորեն, արձանագրություններն ու հետագա բոլոր հայտարարությունները ցույց տվեցին, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումն անհնար է:

Բաբաջանը պատմել է ներկաներին, որ գաղտնի բանակցությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև սկսվել են դեռ 2007 թվականին, Շվեյցարիայի միջնորդությամբ, և հայտարարել է, որ երկու երկրները համաձայնվեցին «1915 թվականի իրադարձությունների», այսինքն Հայոց ցեղասպանության, վերաբերյալ հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի բացակայության պայմաններում, ինչը կհանգեցներ տարածաշրջանային կայունության, գործընթացը փակուղի մտավ:

Բաբաջանն ասել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին եղել են ողբերգական իրադարձություններ, սակայն Թուրքիայի կառավարությունը ոչ մի ապացույց չունի, դրանք ցեղասպանություն համարելու համար:

Բաբաջանի խոսքը հատուկ մշակված էր հանգստացնելու համար, ինչպես ինքն էր կարծում, ոչինչ չկասկածող ունկընդրին: Այնուամենայնիվ, լսարանի հարցերը ցույց տվեցին, որ նրանք ավելի իրազեկ են թուրքական քաղաքականության ընթացիկ միտումներին: Իր ողջ ելույթի ընթացքում Բաբաջանն ասել է, որ Թուրքիան հաջողությունների է հասել ժողովրդավարացման գործում, վերագրելով դա տնտեսական աճին և անտեսելով շարունակական միջազգային քննադատությունը լրագրողների, ազգային փոքրամասնությունների ու այլախոհների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ:

LAWAC նախագահ Թերի Մաքքարթին գովել է Թուրքիային տնտեսական աճի համար ու բերել է բասկետբոլիստ Քոբի Բրայանթի օրինակը, որը դարձել է Turkish Airlines-ի դեմքը:

Հոկտեմբերի 21-ին շուրջ 200 մարդ էր հավաքվել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի դեմ բողոքի ցույցի Լոս Անջելեսում: Ակցիան կազմակերպել էր Հայ երիտասարդական միությունը (AYF):