3 ապրիլի 2006 - 21:11 AMT
Վաղը Բուդապեշտում տեղի կունենա Ռամիլ Սաֆարովի գործով դատավարության վերջին նիստը
Բուդապեշտ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը եւ փաստաբան Նազելի Վարդանյանը, որը ներկայացնում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը: Նրանք կմասնակցեն ապրիլի 4-ի դատական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնադպետ Սեյրան Շահսուվարյանը: Ապրիլի 4-ի նիստում Բուդապեշտի քաղաքային դատարանը կլսի Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերջին խոսքը: Նույն օրը նախատեսվում են մեղադրական կողմի եւ պաշտպանության ելույթները: Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 13-ին:

Հիշեցնենք, որ որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն