24 հոկտեմբերի 2013 - 17:11 AMT
Փորձագետ. Մինսկում լրջորեն կխոսեն ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ), ինչպես նաև Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Այդ կապակցությամբ «ՎՏՕ-Ինֆորմ» վերլուծական կենտրոնի տնօրեն Եվգենի Կորչևոյն ու ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը մեկնաբանել են քննարկվող հարցերի հնարավոր շրջանակը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

Եվգենի Կորչևոյն առաջին հերթին մատնանշել է «տնտեսական Մաքսային միության կազմավորման ու զարգացման հարցերը և ՄՄ երկրների քաղաքականությունը նոր անդամների ներգրավման հարցում»: «Թեկնածուներն առնվազն երեքն են՝ նման դիրքորոշում պետք է լինի Ուկրաինայի, Հայաստանի ու Ղրղզստանի վերաբերյալ»,-հստակեցրել է նա:

Կորչևոյը հիշեցրել է, որ Մաքսային միությանը միանալու համար Երևանը պետք է մի շարք հարցեր լուծի, մասնավորապես, վերացնի տարբերությունները Հայաստանի ու ՄՄ անդամ երկրների մաքսատուրքերի միջև: «Այդ ամենը կարելի է լուծել, կարելի է միջոցառումների ծրագիր գրել մեկ տարվա, երկու, երեք տարվա համար, դա կախված է կողմերի ցանկությունից: Դուք գիտեք, որ Ռուսաստանը 18 տարի բանակցեց ԱՀԿ-ին անդամակցելու համար: Կարծում եմ, այստեղ, անշուշտ, խոսքը շատ ավելի սեղմ ժամկետի մասին է»,-ասել է նա՝ հավելելով, որ «հարցն հենց այն է, թե ինչպես անել, որպեսզի Հայաստանը մտնի ՄՄ համաձայնությունների առավելագույն քանակով, ընդունի միասնական մաքսային սակագին, որը գործում է մեզ համար, իսկ դա այնքան էլ հասարակ հարց չէ»:

Ըստ փորձագետների, այդ խնդիրն անպայման պետք է քննարկվի այսօրվա գագաթաժողովում, սակայն պետք չէ ակնկալել կոնկրետ քաղաքական լուծումներ: «Նրանք, անշուշտ, այնտեղ քաղաքական որոշումներ չեն կայացնի, պայմանականորեն ասած «կողմ» և «դեմ» չեն քվեարկելու, բայց, կարծում եմ, որ նրանք անպայման կքննարկեն նոր անդամներին: Ցանկալի կլիներ, որ ոչ թե միայն քննարկեին, այլ նաև ինչ-որ ազդակ տային նույն Մաքսային քարտուղարությանը, ՄՄ-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի ՄՄ-ն ընդլայնվի, նրա աշխարհագրությունն ընդլայնվի»,-ասել է նա:

Բացի այդ, նախագահները կարող են քննարկել տնտեսական համագործակցությունն այդ ոլորտում բարդությունների հետ կապված: «Ընդհանուր առմամբ ընթացիկ տնտեսական իրավիճակն այդ երեք երկրներում, հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը, անշուշտ, դա է հուշում, սակայն, ինձ թվում է, որ դա քննարկում է պահանջում, ինչ է կատարվում և ինչ է պետք անել: Կարծում եմ, այստեղ Ռուսաստանի համար ակտուալ հարց է էժան վարկերի հարցը, ֆինանսական համակարգի փոփոխության հարցը, ԿԲ-ների աշխատանքը, որպեսզի վարկային դրույքները ՌԴ և ՄՄ տարածքում չգերազանցեն 4-5 տոկոսը, այսինքն, ինչ է պետք անել ակտիվացնելու համար տնտեսության վարկավորումը»,-գտնում է Եվգենի Կորչևոյը:

Ըստ Վլադիմիր Լեպյոխինի, գագաթաժողովի հիմնական թեման կլինի ՄՄ մարտավարության մասին հարցը մի իրավիճակում, երբ Մոլդովան ու Ուկրաինան պատրաստվում են ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր կնքել»,-ասել է նա: «ՄՄ-ին Հայաստանի մասնակցության նման հավաքական քննարկում դեռ չի եղել: Հավանաբար, գագաթաժողովում առաջին լուրջ խոսակցությունը տեղի կունենա ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին»,-ասել է Լեպյոխինը:

Մինսկում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մինսկ է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: