25 հոկտեմբերի 2013 - 12:54 AMT
ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդին «խավիարային դիվանագիտությանը» տեղի տալու համար

ԱՄՆ-ն քննադատել է Եվրոպայի խորհրդի առաքելությանն Ադրբեջանում նախագահական ընտրությունները դրական գնահատելու համար: Քննադատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավար Քրիսթոֆեր Մադուրոյի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հասցեագրված հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է բացահայտել ընտրությունների բոլոր փուլերում՝ ներառյալ քվեարկության օրը և պարզել է, որ տեղ է գտնել արտահայտությունների, հավաքների ու միավորումների ազատության սահմանափակում: Միևնույն ժամանակ մենք զարմացած ենք, որ ԵԽԽՎ առաքելությունը հայտարարել է, թե ընտրություններն եղել են ազատ ու թափանցիկ, ներառյալ քվեարկության օրը»,-ասվում է նամակում:

Ավելի ուշ Քրիսթոֆեր Մադուրոն հղում կատարեց Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հարֆի հայտարարությանը, որը հոկտեմբերի 10-ին հավանություն էր հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականներին ու մտահոգություն տեղ գտած խախտումների վերաբերյալ:

Մադուրոն նաև նշել է, որ ԱՄՆ-ն վերջերս է որպես լիիրավ անդամ անդամակցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և հուսով է, որ ակտիվ համագործակցություն կհաստատվի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական կառավարման ոլորտում այդ կարևոր ինստիտուտի օգնությամբ:

«Միացյալ Նահանգները հավատում են, որ ԵԱՀԿ-ն ու Եվրոպայի խորհուրդը հսկայական դերակատարություն ունեն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման գործում»,-ասվում է նամակում:

2013 թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: 2003 թ. նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը ստացավ ձայների 84,5 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5,53 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու: Ալիևի հաղթանակը կանխորոշում էին նաև նախընտրական կանխատեսումները: Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները համատարած խախտումների պատճառով: Եվրախորհրդարանի դիտորդական ու ԵԽԽՎ առաքելությունները դրական են արտահայտվել ընտրությունների մասին, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, Եվրախորհրդարանը ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական ու ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող:

Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ըստ նրա, բանակցութհյուններն առաքելության անդամների հետ ընթացել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: ԵԽ-ն չարձագանքեց այդ մեղադրանքներին:

2012 թվականի մայիսին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) ոչ առևտրային կազմակերպությունը հրապարակեց «Խավիարային դիվանագիտություն» սկանդալային զեկույցը, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամներն աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից խավիար ստանալով, մետաքսագործ գորգեր, ոսկե ու արծաթե զարդեր և այլ թանկարժեք նվերներ: