25 հոկտեմբերի 2013 - 14:01 AMT
Իգոր Շուվալով. Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միանալ ՄՄ-ին տառացիորեն մի քանի ամսում

Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է շուտ միանալ Մաքսային միությանը և պատրաստակամություն է հայտնել անել դա տառացիորեն մի քանի ամսում: Այդ մասին Մինսկում լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտին:

«Հայաստանի նախագահը դիմել է Մաքսային միության նախագահներին, որպեսզի բոլոր համաձայնագրերը վավերացվեն որքան հնարավոր է արագ»,-ասել է ՌԴ առաջին փոխվարչապետը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ նրա, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գծով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի «ճանապարհային քարտեզը» և կոնկրետ արդյունքներն արդեն հաջորդ նիստում պետությունների ղեկավարների մակարդակով, որը կկայանա դեկտեմբերին Մոսկվայում:

Շուվալովը նաև նշել է, որ Երևանի հետ բանակցությունները զգալիորեն տարբերվում են ՄՄ-ին Ղրղզստանի միանալու մասին բանակցություններից: Վերջինիս դեպքում ևս աշխատանքային խումբ է ստեղծված և արդեն վաղուց է աշխատում, սակայն բանակցությունները ծանր են ընթանում՝ ղրղզները պնդում են այս կամ այն հարցերը հանելու վրա, ընդ որում բավականին ցավոտ հարցերը:

«Հայաստանն ասում է՝ մենք գործնականում պատրաստ ենք վավերացնել բոլոր համաձայնագրերը, որոնք վերլուծության են ենթարկվել, մենք այդ աշխատանքը կատարում ենք առաջին իսկ օրվանից, երբ Մաքսային միությունը սկսում էր համաձայնությունները, բոլոր մեր նախարարություններն ու գերատեսչություններն իրազեկված են: Աշխատանքի համար մեզ ընդամենը մի քանի ամիս է հարկավոր՝ ամբողջ ծավալով, առանց բացառումների, մենք պատրաստ ենք միանալ ամբողջ իրավապայմանագրային բազային ու պահպանել բոլոր նորմերը»,-ասել է նա:

Բացի այդ Հայաստանը պատրաստակամ է համապատասխանեցնել իր ներքին օրենսդրությունը Մաքսային միության հետ:

«Որոշում է կայացվել, որ առանց արագացման որևէ հատուկ մեխանիզմների, որպեսզի այնպիսի զգացողություն չլինի, որ ինչ-որ մեկը արհեստականորեն է ներքաշում, աշխատանքային խումբն աշխատում է, ժամկետները կորոշվեն: Հենց որ նրանք միանան բոլոր փաստաթղթերին, նրանք կդառնան ՄՄ անդամ»,-ասել է Շուվալովը:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը հաստատվել են նախօրեին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել են նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Խորհրդի նիստում ներկայացվել և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: