26 հոկտեմբերի 2013 - 14:21 AMT
Պուտինը խոստացել է Բելառուսին ու Ղազախստանին բազմամիլիարդանոց արտոնություններ ՄՄ գծով

Այս շաբաթ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովը Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի գործընկերներ Բելառուսին ու Ղազախստանին բազմամիլիարդանոց արտոնությունների խոստումներ բերեց՝ Մոսկվայի հանդեպ լոյալ վերաբերմունքի դիմաց:

Ռուսաստանը մտածում է Բելառուսի նավթամշակող գործարանների բեռնվածությունը հումքով չորրորդ եռամսյակում ավելացնելու ուղղությամբ և պատրաստ է ժամանակի հետ հրաժարվել Բելառուսին ու Ղազախստանին ներկայացվող ռուսական նավթի մաքսազերծման եկամուտները պահանջելուց «զիջումների» դիմաց: Այդ մասին գագաթաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հոկտեմբերին Լուկաշենկոն ապշեցրեց ՌԴ պաշտոնյաներին՝ հայտարարելով, թե Պուտինը խոստացել է նրան չեղյալ համարել 4 մլրդ դոլարի ամենամյա գանձումը ՌԴ բյուջե նավթամթերքի համար արտահանման տուրքերի տեսքով, որն արտադրվում է բելառուսական գործարաններում ռուսական հումքից:

ՌԴ պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչները պնդում էին, որ նման զիջումն անհնար է, չէ որ ՌԴ-ն առանց այդ էլ հազիվ է ծայրը ծայրին հասցնում շռայլ նախընտրական խոստումներից հետո: Սակայն ԽՍՀՄ օրինակով տնտեսական դաշինքի կազմավորումը առաջ տանող Պուտինը համաձայնություն է տվել Լուկաշենկոյի խնդրանքին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ռուսական նավթը վերամշակվում է երկու բելառուսական ՆՄԳ-ում՝ Մոզիրի և Նովոպոլոցկի, որոնց տարեկան հզորությունը կազմում է մոտ 22 մլն տոննա:

Ղազախստանը, տարեկան արդյունահանելով մոտ 80 մլն տոննա նավթ, ստանում է Ռուսաստանից ներքին շուկայի համար առանց մաքսատուրքերի վճարման մոտ 6 մլն տոննա հումք և 2,1-2,6 մլն տոննա նավթամթերք: Սակայն փոխհատուցման մեխանիզմը տուրքերի դիմաց մինչ օրս չի գործում, ի տարբերություն բելառուսական սցենարի:

Այն դեպքում, երբ Մինսկը հաջողությամբ հատուցում է Մոսկվային հումքի մաքսազերծ առաքումները, Աստանայի հետ ՌԴ-ն փոխզիջման չի կարողանում հասնել: Արդյունքում, ըստ շուկայի մասնակիցների գնահատականի, 2012 թվականին ռուսական բյուջեն զրկվեց արտահանման արդյունքում ստացվող 1,8 մլն տոննա ղազախական նավթից: 2013 թ. կորուստների մասին տվյալներ չկան:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանը Ղազախստան է առաքել մոտ 5 մլն տոննա նավթ (ըստ ՌԴ էներգետիկայի նախարարության) և 2 մլն տոննա նավթամթերք, ըստ երկաթուղայինների վիճակագրության: