28 հոկտեմբերի 2013 - 13:38 AMT
The New York Times. Իրական իշխանությունը Վրաստանում կլինի հաջորդ վարչապետի ձեռքում, ոչ թե նախագահի

Ըստ սահմանադրական ուղղումների, այսուհետ Վրաստանի քաղաքական իշխանության մեջ ավելի մեծ լիազորություններ կունենա ոչ թե նախագահը, այլ վարչապետը, պարզաբանում է The New York Times-ը: Սակայն ով կզբաղեցնի այդ պաշտոնը, դեռ պարզ չէ, քանի որ գործող վարչապետ Իվանիշվիլին մտադիր է առաջիկայում հրաժարական տալ ու փոխանցել լիազորություններն իր հետնորդին, նշում է լրագրող Դևիդ Մ. Հերշենհորնը:

Ըստ էքզիթ-փոլերի տվյալների, նախագահական ընտրություններում, հավանաբար, հաղթել է Գեորգի Մարգվելաշվիլին: «Անձամբ Իվանիշվիլիի ընտրած թեկնածուն նախկին փոխվարչապետն ու կրթության նախարարն է»,-այդպես է բնութագրում նրան թերթը:

Ո՞ւմ կառաջադրի Իվանիշվիլին իր հետնորդի դերում: Դա ավելի կարևոր հարց է, քան նախագահական ընտրությունների արդյունքները, գրում է թերթը: Խորհրդարանի կողմից ընտրվող վարչապետը կունենա լիարժեք գործադիր իշխանություն ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: «Վրաստանի նախագահը մնում է պետության նախագահ և ԶՈւ հրամանատար, սակայն չի կարող օրինագիծ առաջարկել կամ պետբյուջեի նախագիծ»,-ասվում է հոդվածում:

Անդրադառնալով քաղաքական ուժերի դասավորությանը Վրաստանում՝ հեղինակը նշում է. նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին արտերկրում շատ են գովաբանել որպես ժողովրդավարության ջատագով: «Սակայն իր սեփական երկրում նրա հեղինակությունը գնալով թուլանում էր: Նրան մեղադրում էին ուժային կառույցների կողմից մարդու իրավունքների խախտման մեջ մի պետությունում, որը Վաշինգտոնը ներկայացնում է որպես ժողովրդավարության հենասյուն հետխորհրդային տարածքում»,-ասվում է հոդվծաում:

Սահակաշվիլին վերջին տարին անցկացրեց որպես ընդդիմադիր: «Եվ այնուամենայնիվ ընտրությունների արդյունքները ճանաչելու և երկու նախագահական ժամկետով սահմանափակվելու սահմանադրական պահանջը պահպանելու պատրաստակամությունը ապահովեցին խաղաղ ու ժողովրդավարական իշխանափոխություն, ինչը հազվադեպ երևույթ է հետխորհրդային տարածքում»,-գրում է Հերշենհորնը:

Վրաց ընտրողներից շատերը նշել են, որ քվեարկել են Մարգվելաշվիլիի օգտին, որը, հավանաբար, բարի մտադրություններ ունի, իսկ անհատականությունն այնքան վառ արտահայտված չէ, ինչպես Սահակաշվիլիի ու Իվանիշվիլիի դեպքում: «Նա նորմալ մարդ է»,-ասել է 75-ամյա թոշակառու վարորդը: Ուսուցչուհի Նանա Գամսելիձեն գովել է Մարգվելաշվիլիին կրթության նախարարությունում աշխատելու համար և ասել է, որ «նա երբեք չի մասնակցել քաղաքական խաղերին»:

80-ամյա թոշակառու երկրաբան Մերաբ Կոյվան, որ քվեարկել է Սահակաշվիլիի կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեի օգտին, գտնում է, որ Սահակաշվիլիի ավանդը Վրաստանի վերականգնումն է քաղաքական ու տնտեսական քաոսից հետո:

Իսկ ո՞վ կդառնա Իվանիշվիլիի հետնորդը: «Խոսակցություններում ամենից հաճախ հիշատակվում են Դավիթ Սերգեենկոյի (աշխատանքի, առողջապահության ու սոցիալական հարցերի նախարար) և Իրակլի Ղարիբաշվիլիի (ներքին գործերի նախարար) անունները,-գրում է թերթը՝ անվանելով Ղարիբաշվիլիին «Իվանիշվիլիի մերձակա դաշնակիցներից մեկը», հայտնում է Inopressa.ru-ն:

Ըստ Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալների, նախագահական ընտրություններում Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 61,9 տոկոսը, Դավիթ Բաքրաձեի օգտին՝ 21,8 տոկոսը, Նինո Բուրջանաձեի օգտին՝ 10,2 տոկոսը: