Հայաստանի ավիացիոն ղեկավարության որոշմամբ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությանը կսպասարկի Երևանից՝ Եկատերինբուրգ, Մինվոդի, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նիժնի Նովգորոդ թռիչքները: Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան նոտան տեղադրված է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում:
Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:
Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում: Ինչպես կառավարության նիստին նշել էր վարչապետ Սարգսյանը, հարցի շուրջ բուռն քննարկումներ, ինչպես նաև իրարամերժ մոտեցումներ են եղել` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ:
Ըստ մասնագետների` Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները կդարձնի հարմարավետ, գներն էլ կնվազեն:
Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում:
Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին:
Սնանկության գործընթաց սկսելու հայտարարությունից հետո «Արմավիա» ընկերության դեմ 15 դատական հայց էր ներկայացվել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, մեծ մասը չվճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի մասով աշխատակիցների հայցերն են: Որոշ դեպքերում «Արմավիան» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակնհայտ խուսափելով գումարի տրամադրումից:
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:
Ընկերությունն իր առաջին Boeing 737-ը ներկայացրել էր հոկտեմբերի 23-ին: