29 հոկտեմբերի 2013 - 15:00 AMT
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Ղարաբաղի, Մաքսային միության ու Հայոց ցեղասպանության օրինագծի մասին

Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը հակամարտության կարգավորման գործընթացին երբեք չի անտեսվել ԵԱՀՄ ՄԽ համանախագահների կողմից: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Բերնար Ֆասիեի հայտարարությունն այն մասին, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ:

«Բերնար Ֆասիեն փորձառու դիվանագետ է ու ղարաբաղյան հակամարտության մեծ գիտակ, քանի որ երկար տարիներ եղել է ԵԱՀԿ համանախագահը, ուստի ես չեմ կարող թույլ տալ ինձ մեկնաբանել նրա խոսքերը: Կարող եմ միայն ասել, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն այն հարցն է, որ չի անտեսվում համանախագահների կողմից և միշտ մտովի հաշվի առնվում է»,-հայտարարել է դեսպանը՝ հավելելով, որ ՄԽ-ն ամեն ինչ կանի գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ՄԽ-ն միջնորդական առաքելություն է և առաջարկում է կողմերին կարգավորման տարբերակներ, իսկ վերջնական լուծումը վերապահվում է կողմերին: «Բանակցային գործընթացի մասնակից կողմերը երևի թե իրենք կորոշեն, թե երբ կլինի պատեհ առիթը, երբ ԼՂ-ն պիտի մասնակից դառնա բանակցային գործընթացին»,-ասել է դեսպանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում ու Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտվելուն հետ գուցե կբացվեն նոր հնարավորություններ և կարող են նոր առաջարկություններ արվել այդ գործընթացի շրջանակում: Դեսպանը նշել է, որ հակամարտության կարգավորումը անհրաժեշտություն է տարածաշրջանի համար, քանի որ խանգարում է նրա զարգացմանը, հայտնում է Armenia Today-ը:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, Ֆրանսիայի դեպսանն ասել է նաև, որ Մաքսային միությանն անդամակցելն ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան որոշումն է, որը կայացվել է ելնելով նրա շահերից: «Մենք ընդունում ենք Հայաստանի որոշումը: Ես գիտեմ, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկություն է հայտնել շարունել աշխատանքը Եվրամիության տարբեր կառույցների հետ, որքանով որ դա չի հակասում ընդունած որոշմանը»,-ասել է դեսպանը:

Ըստ Անրի Ռենոյի, ԵՄ-ն շարունակելու է զարգացնել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: «Իշխանությունները ցանկանում են շարունակել աշխատանքը ԵՄ հետ բոլոր ոլորտներում ու ձևաչափերով: ԵՄ-ն չի փակել իր դռները, դրանք բաց են Հայաստանի համար: Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի ենթադրում նաև այլ ոլորտներ՝ կառավարման, արդարադատության և այլն: Այդ ամենը Մաքսային միության անմիջական իրավասության շրջանակից դուրս է: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա դա քաղաքական կառույց է, իսկ Արևելյան գործընկերության ծրագիրը որպես նրա բաղկացուցիչ մաս նույնպես կշարունակի պահպանել իր քաղաքական շեշտադրումները»,-ասել է Ռենոն:

Անրի Ռենոն հավելել է, որ չունի տեղեկություն թե Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը՝ դիվանագետը նշեց, որ նոր օրինագիծը դեռ չի ներկայացվել խորհրդարանի քննարկմանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

ԶԼՄ-ներում տարեսկզբից շրջանառվում է տեղեկությունը, որ նոր օրինագիծը ներկայացված է Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը: Օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացում» դրույթի վրա: Փաստաթղթով նախատեսվում է մինչև 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանության ժխտման համար:

«Չեմ կարող նշել օրինագծի քննարկման հստակ ժամկեը, սակայն գիտեմ, որ այն դեռ չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»,-ասել է Ռենոն:

Նա հիշեցրել է նաև, որ Ֆրանսիայի Սենատը 2012 թ. սկզբին ընդունեց օրինագիծը, սակայն այն Սահմանադրական խորհրդում քննարկվելուց հետո ճանաչվեց որպես չհամապատասխանող երկրի Սահմանադրությանը:

Դիվանագետը նշեց, որ նախագահի հանձնարարությամբ մշակվում է նոր օրինագիծ, որտեղ հաշվի կառնվի Հայոց ցեղասպանության քրեականացման հարցը, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի պահանջները: «Իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ և համապատասխանեցնում են օրինագիծը Սահմանադրությանը»,-ասել է Ռենոն՝ հավելելով, որ ցանկացած նախաձեռնության դեպքում հանրությունը կիրազեկվի այդ մասին:

Սենատում ընդունվելուց մեկ ամիս անց Սահմանդրական խորհուրդը որոշեց, որ օրենքը հակասահմանադրական է, քանի որ խախտում է խոսքի ու արտահայտվելու ազատությունը»: Նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց նախարարների կաբինետին նախապատրաստել օրինագծի նոր տարբերակը: Նախընտրական շրջանում գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարում էր, որ երկար չի ձգձգի օրինագծի ընդունման հարցը: