29 հոկտեմբերի 2013 - 17:45 AMT
Մոսկվայում քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն ուղղված առաջիկա աշխատանքը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը հավանություն տված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացումն են քննարկել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ու Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

«Հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր՝ ռուս-հայկական շփումների ու տարբեր մակարդակների միջոցառումների նախապատրաստման շեշտադրմամբ»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել առաջիկա ծավալուն աշխատանքին, ուղղված հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունված որոշումների իրագործմանը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Խորհրդի նիստում ներկայացվել և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: