31 հոկտեմբերի 2013 - 11:05 AMT
Ֆրենկ Փալոուն. Թուրքիայի կառավարությունը չի կարող թելադրել ԱՄՆ-ին

Դժվար է խոսքերով արտահայտել թե որքան տագնապալի է այն, որ պատմական ու մշակութային արժեքը, որը նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին հայ որբերի անունից, փակ դռների ետևում են պահում, քանի որ Թուրքիան չի ցանկանում քննարկման հանել պատմական փաստերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, որը կոչ է արել նախագահ Օբամային հանել Սմիթսոնի ինստիտուտում «որբերի գորգի» ցուցադրության արգելքը: «Թուրքիայի կառավարութնը չէ, որ պետք է թելադրի ԱՄՆ-ին ինչպես վարվել նման հարցերում»,-ասել է կոնգրեսականը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սպիտակ տանը հասցեագրված նամակում կոնգրեսականն ասել է, որ ԱՄՆ հայ համայնքը շարունակում է մեծ ավանդ ունենալ երկրի զարգացման գործում և Ամերիկան պետք է օգնի ուսումնասիրել ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ոչ թե ենթարկվի Թուրքիային»,-հայտարարել է նա:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոունին Օբամային ուղղված նամակի համար: Այս իրապես ողբերգական փաստը վկայում է այն մասին, թե որքան խորը հարգանք է տածում ԱՄՆ վարչակազմը Անկարայի հանդեպ, որը փակում է ԱՄՆ-ի բերանը, երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիան չէ, որ պետք է թելադրի օտարերկրյա կառավարությանը, թե արվեստի ինչ գործեր նա կարող է ցուցադրել, առավել ևս «որբերի գորգը», որն ԱՄՆ սեփականությունն է ու պատմության մաս է կազմում»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Թուրքիան ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վարչակազմի վրա, չեղյալ հայտարարելու համար Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում, հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, նվիրել են այն որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին ու ԱՄՆ նախագահ Քալվին Կուլիջին: Այժմ այն պահվում է Սպիտակ տանը ի թիվս ԱՄՆ նախագահների ստացած նվիրատվությունների:

Ցուցադրության արգելքը հանելու կոչով արդեն հանդես են եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Վալդաոն, Բրեդ Շերմանն ու Ֆրենկ Փալոունը: