31 հոկտեմբերի 2013 - 14:07 AMT
Բարգավաճող երկրների ցանկում Հայաստանը 95-րդն է 142 երկրներից

Բրիտանական Legatum Institute կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաբարգավաճող երկրների Prosperity Index ամենամյա վարկանիշը: Հայաստանը ցուցակում 95-րդն է 142 երկրներից: 2012 թվականի վարկանիշի համեմատ Հայաստանն այս տարի բարելավել է իր դիրքը երեք կետով:

Հետազոտության արդյունքները հիմնված են 90 ցուցանիշների համեմատության վրա, որոնք բաժանված են 8 առանձին խմբերի՝ էկոնոմիկա, ձեռնարկատիրության պայմաններ, պետկառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձի ազատություններ և հանրային կապիտալ:

Տնտեսական վիճակով Հայաստանը հայտնվել է 116-րդ տեղում, ձեռնարկատիրության պայմաններով՝ 75-րդ, պետկառավարման՝ 89-րդ, կրթության՝ 42-րդ, առողջապահության՝ 87-րդ, անվտանգության՝ 65-րդ, անձի ազատության՝ 117-րդ, հանրային կապիտալով՝ 129-րդ:

Ինչպես հայտնում է Delfi-ին, այս տարվա առաջատարն է Նորվեգիան, որը չի զիջում իր առաջին տեղը ոչ ոքի 2010 թ. առաջին վարկանիշից սկսած: Երկրորդ տեղում է Շվեյցարիան, որը 2012 թ. 9-րդն էր: Հնգյակում են նաև Կանադան, Շվեդիան ու Նոր Զելանդիան: Երեք նախորդ տարիներին երկրորդ տեղը զբաղեցնող Դանիան այժմ նահանջել է 6-րդ տեղը: Եվրոպայում ամենացածր ցուցանիշը Բոսնիա և Հերցոգովինայում է՝ 97-րդ տեղը:

Աշխարհում ամենավատ դիրքերն ունեն Աֆղանստանը՝ 139 հորիզոնական, Կոնգոն՝ 140, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը՝ 141, Չադը՝ 142-րդ տեղը:

Ըստ վարկանիշի, Ռուսաստանը 61-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 81, Վրաստանը՝ 84, Թուրքիան՝ 87: