1 նոյեմբերի 2013 - 18:04 AMT
Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում Հայաստանը չի հիշատակվում

Մի քանի ժամ առաջ հրապարակված Արևելյան գործընկերության Վիլնյուսի հռչակագրում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող բաժինը դատարակ է, պնդում է «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելցի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: Նա հայտնել է, որ փաստաթղթի նախնական տարբերակը ԵՄ պաշտոնյաները տրամադրել են լրագրողներին տառացիորեն ժամեր առաջ: «Այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ՄՄ-ին միանալու մտադրության մասին, Հայաստանի մասին ոչ մի ձևակերպում չընդգրկվեց հռչակագրում»,-ասել է թղթակիցը:

Եվրոպացի դիվանագետները, սակայն, չեն բացառում, որ հռչակագրում Հայաստանի հիշատակման փոխարեն Եվրամիությունը կարող է փոխըմբռնման հուշագիր կնքել Հայաստանի հետ հետագա համագործակցության վերաբերյալ: Փոխարենը, հռչակագրում ողջունելի են համարվում Ադրբեջանի եվրաինտեգրացիոն ձգտումները: Ավելին, Եվրամիությունը նշում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին:

ԵՄ հռչակագիրը ողջունում է նաև Ասոցացման համաձայնագրի ստորագրումն Ուկրաինայի հետ, ինչպես նաև Ասոցացման մասին համաձայնագրերի նախաստորագրումը Վրաստանի ու Մոլդովայի հետ: Բելառուսի վերաբերյալ ԵՄ-ն նշում է, որ հատկապես ակտիվ է աշխատում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հռչակագրի նախագծում նաև ասվում է. «Եվրամիությունը ճանաչում է ԵՄ հետ հարաբերություններում անդամ յուրաքանչյուր պետության հավակնությունների չափը և նրա ինքնիշխան իրավունքն է ընտրել վերջնական նպատակը»: Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին Արևելյան գործընկերության անդամների տարածքում, ապա այդ հարցին հռչակագրում մեծ տեղ չի հատկացված: «Միայն Վրաստանի դեպքում նշվում է, որ անդամ պետությունները միակարծիք են այն հարցում, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի Վրաստանի ողջ տարածքում: Չի բացառվում, որ Մոլդովան մինչև նոյեմբերի ավարտը ցանկանա ինչ-որ ձևակերպում ընդգրկել հռչակագրի տեքստում Մերձդնեստրի հակամարտության վերաբերյալ: Մինչ օրս հայտնի չէ, թե ցանկանում են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, որ ղարաբաղյան հակամարտությունը հիշատակվի հռչակագրում»,-ասել է Յոզվյակը:

Նա նշել է նաև, որ եզրափակիչ հռչակագրում Արևելյան գործընկերության անդամ պետությունների վերաբերյալ օգտագործվել է «եվրոպական ձգտումներ» ձևակերպումը: Այդ նույն ձևակերպումը օգտագործվել է նաև Արևելյան գործընկերության Վարշավայի հռչակագրում, որն ընդունվել է 2011 թվականին: «Մի շարք պետություններ, որոնք հանդես են գալիս ԵՄ ընդլայնման օգտին, ցանկանում են տեքստում ավելի կոնկրետ ձևակերպումներ օգտագործել Արևելյան գործընկերության դեպքում և նշանակում է, որ այդ հեռանկարներն ունեցող պետությունները մի հիանալի օր կարող են անդամակցել Եվրամիությանը: Բրյուսելի աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ ԵՄ մի շարք անդամներ, առաջին հերթին Ֆրանսիան, դիամդրել են նման ձևակերպմանը»,-ասել է Յոզվյակը, հայտնում է «Ազատության» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագիր կնքել Հայաստանի ու Եվրամիության միջև, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն: