5 նոյեմբերի 2013 - 16:15 AMT
Հաջորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ ղեկավարը կայցելի Իրան

ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիո Ամանոն մտադիր է Թեհրան այցելել նոյեմբերի 11-ին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը Իրանի պետական հեռուստատեսության վրա հղումով, Թեհրանում հանդիպում տեղի կունենա Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որը հուսով է, որ Ամանոյի այցի շրջանակում համաձայնագիր կստորագրվի: Մանրամասները չեն բացահայտվում:

ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանի մի շարք հանդիպումներ են ունեցել 2012 թվականից ի վեր: Արևմուտքի երկրները կասկածում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ, սակայն Թեհրանը դա հերքում է:

ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է` ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության համար: ՄԱԳԱՏԷ-ն ստեղծվեց 1957թ.` համաձայն ՄԱԿ-ի 1955թ. դեկտեմբերի 3-ի որոշման: Այն մտնում է ՄԱԿ-ի համակարգի մեջ, որի հետ կապված է հատուկ պայմանագրով: Ամեն տարի ՄԱԳԱՏԷ-ն իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:: Ըստ «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրի` ՄԱԳԱՏԷ-ի վրա պատասխանատվություն է դրված ստուգել, թե ինչպես են համաձայնագրի անդամ երկրները կատարում պարտականությունները:

ՄԱԳԱՏԷ-ն ունի նաև վերահսկողական գործառույթ, որի նպատակն է թույլ չտալ, որ միջուկային զենք չունեցող երկրները ատոմային էներգիայի խաղաղ կիրառումից անցնեն միջուկային զենքի ստեղծման: