5 նոյեմբերի 2013 - 17:07 AMT
Բրյուսելում 3 տարի անց բացվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում 3 տարի անց մեկնարկում է նոր բաժնի քննարկումը: Ակնկալվում է, որ դա կնպաստի բանակցային գործընթացի արագացմանը: Բրյուսելում տեղի կունենա միջկառավարական խորհրդաժողով, որին, ինչպես ենթադրվում է, ներկա կլինեն Եվրոպայի գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն ու Թուրքիայի զարգացման նախարար Ջեվդեթ Յիլմազը:

22-րդ գլուխը վերաբերում է «տարածաշրջանային քաղաքականությանն ու կառուցվածքային մեխանիզմների համակարգմանը»: Քաղաքական սահմանափակումների զգալի մասը կապված է այլ բաժինների բացման հետ, պայմանավորված է Կիպրոսի խնդրի լուծմամբ:

Ըստ Բաղիշի, եթե Կիպրոսի խնդիրը լուծվի, Թուրքիան սեղմ ժամկետում կկարողանա բացել 12 բաժիններ և հաջողությամբ ավարտել դրանցից 10-ը: Նախարարը վստահ է, որ այդ թիվը կարող է ավելանալ: Եվրահանձնաժողովը շարունակում է հորդորել անդամ երկրներին բացել 23 և 24-րդ բաժինները, հայտնում է TRT-ն:

Հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրք հանրության զգալի մասը այլևս չի հետաքրքվում ԵՄ անդամակցության հարցով: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ 2005 թվականին հանրության 70 տոկոսը կողմ էր ԵՄ-ին անդամակցելուն, այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 20 տոկոս: