6 նոյեմբերի 2013 - 08:56 AMT
ԵԱՀԿ ՄԽ․ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին, հայտարարել են նոյեմբերի 4-ից՝ 5-ը տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունը տարածել է համանախագահների հետևյալ հայտարարությունը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյմեբերի 4-5-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու ջանքերը: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքվում՝ նոյեմբերի 4-ին, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևանում՝ նոյեմբերի 5-ին, և քննարկել հակամարտության կարգավորման կարևորագույն հարցեր:

Նրանք հանդիպել են նաև երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները և որոշելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել:

Համանախագահները կշարունակեն աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման, համաձայնությունների ձեռք բերման ուղղությամբ: Միջնորդները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ՝ հայտարարություններում: Ռազմական գործողություները, մասնավորապես՝ այս պահին, կարող են դիտվել միայն՝ որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»։