6 նոյեմբերի 2013 - 17:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանն ու Ռուսաստանը Հուշագիր ստորագրեցին, որով մեկնարկում է ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը

Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» ստորագրվեց: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

«Հուշագիրն ապահովում է ՀՀ բոլոր կառույցների մասնակցությունը Մաքսային միության գործունեությանը»,- դրա ստորագրումից հետո վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Վիկտոր Խրիստենկոն: Ըստ նրա, փաստաթուղթը հնարավորություն կտա հասանելի դարձնել ՄՄ և ԵՏՀ որոշումներին առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկվող հարցերը: «Դա Մաքսային միությանը միանալու կարևորագույն տարրերից է»,-ասաց նա: Հայաստանը մշտական ներկայացուցիչ կունենա ԵՏՀ-ում:

Քննարկվեցին նաև ճանապարհային քարտեզին առնչվող և ՀՀ ու ՌԴ նախագահների գագաթնաժողովին ներկայացվելիք զեկույցը, որտեղ նրանք պետք է ներկայացնեն աշխատանքների ընթացքը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ հսկայական աշխատանք է կատարվել: «Հիմնական խնդիրը, որ ծառացած է մեր առջև, համատեղ աշխատանքի ծավալի գնահատումն է, որը թույլ կտա դառնալ ՄՄ և ԵՏՏ-ի լիարժեք անդամ»,-ասաց նա:

Հուշագրի ստորագրման նպատակն է խորացնել գործակցությունը: Հայաստանին հնարավորություն կտրվի ներկա լինել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՀ կոլեգիայի նիստերին:

ՖՈՏՈՇԱՐՔ