6 ապրիլի 2006 - 19:57 AMT
ԵՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը տեղի է ունենում ՌԴ-ի, որպես հիմնական գործընկերի, կարգավիճակի պահպանման ֆոնի վրա
Հայաստանը չի հեռանում համագործակցությունից ԱՊՀ շրջանակներում, լուրերն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին եւ չի պատրաստվում հրաժարվել համագործակցությունից այդ կազմակերպության շրջանակներում: Նման համագործակցության արդյունավետությունը պայմանավորված է կազմակերպության բարեփոխման ընթացքով, նշել է նա: «Ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրմանն ընդհանուր առմամբ, ապա մեր քայլերն այդ ուղղությամբ նման են Ռուսաստանի իրականացվող համագործակցության մոդելին եվրոպական ինստիտուտների հետ` լիիրավ անդամակցություն Եվրոպայի Խորհրդին, փոխշահավետ համագործակցություն Եվրամիության եւ եվրաատլանտյան կառույցների հետ: Այս փուլում մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ զարգանում են Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ընդ որում մեզ հաջողվում է անցկացնել այնպիսի քաղաքականություն, որի դեպքում Հայաստանի ապրանքաշրջանառության աճը Եվրամիության երկրների հետ կատարվում է ՌԴ-ի, որպես հիմնական գործընկերի, կարգավիճակի պահպանման ֆոնի վրա»,-ասել է Վ.Օսկանյանը: Նրա կարծիքով, համագործակցության խորացումը եվրոպական ինստիտուտների հետ դիտարկվում է Հայաստանի կողմից որպես կարեւոր խթան ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու համար: