7 նոյեմբերի 2013 - 13:10 AMT
ԵՄ դատարանը բավարարել է ԱՐՄԵՆԱԼ-ի հայցը հակադեմպինգային մաքսատուրքերի վերացման մասին

Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող «ՌՈւՍԱԼ» ընկերությունը հայտնում է, որ Եվրամիության Գերագույն դատարանը 2013 թ. նոյեմբերի 5-ին բավարարել է հայաստանյան «Ռուսալ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ ( ԱՐՄԵՆԱԼ )հայցը, որով անվավեր է ճանաչվում Եվրամիության Խորհրդի որոշումը` ԵՄ երկրներ ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած ալյումինե փայլաթիթեղի ներկրման համար հակադեմպինգային մաքսատուրք սահմանելու վերաբերյալ:

ԵՄ Խորհրդի կանոնակարգով 2009 թվականի սեպտեմբերի 24-ին ներդրվել են վերջնական հակադեմպինգային մաքսավճարներ և հաստատվել են նախնական մաքսավճարներ Հայաստանից, Բրազիլիայից եւ ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակների ներկրման համար:

2009-ի դեկտեմբերին ԱՐՄԵՆԱԼ գործարանը` ընկերության փայլաթիթեղ արտադրող դուստր-արտադրամասը, Լյուքսեմբուրգում գտնվող ԵՄ դատարանին հայց է ներկայացրել` պահանջելով չեղյալ համարել կանոնակարգը: Ըստ ԱՐՄԵՆԱԼ-ի, այս փաստաթուղթը խախտում է ԵՄ Խորհրդի նախկինում հաստատած կանոնակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներից կատարվող դեմպինգային ներկրումից պաշտպանության մասին, ինչպես նաև` ԱՀԿ կանոնադրության որոշ կետեր:

«2013-ի նոյեմբերի 5-ին կայացրած վճռով ԵՄ դատարանը հաստատել է, որ ԱՐՄԵՆԱԼ-ի փաստարկները հիմանվոր են, և չեղյալ է համարել ԵՄ Խորհրդի նշված կանոնակարգը: Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել է նաև վճարել դատական ծախսերը.,-ասվում է գործարանի մամլո հաղորդագրության մեջ:

«ՌՈՒՍԱԼ»-ը գոհունակություն է հայտնել «ԱՐՄԵՆԱԼԻ» օգտին կայացված դատավճռի վերաբերյալ, նշեկով, որ նախորդ որոշումը չուներ բավարար իրավական հիմքեր և բացասաբար էր ազդում ընկերության իրավունքների ու շահերի վրա: