8 նոյեմբերի 2013 - 12:53 AMT
Օբաման պատրաստ է համատեղ ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին նա գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ հասցեագրված ուղերձում: Օբաման ողջունել է նոյեմբերի ավարտին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Երևանում Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Միջնորդների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից անդադար հնչող հայտարարություններին, որոնք խեղաթյուրում են բանակցային գործընթացի բնույթն ու էությունը, հրադադարի խախտման հաճախակի դեպքերը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նման գործողությունները վնասում են խաղաղ գործընթացին:

«Ըստ իս, ժամանակն է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, ճշտելու համար դիրքորոշումներն ու որոշելու համար թե ինչպես աշխատել առաջիկայում»,-հայտարարել է ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հանդիպման հնարավորությունը: