8 նոյեմբերի 2013 - 15:51 AMT
Ամերիաբանկը նոր արտոնյալ վարկային գիծ է առաջարկում ակտիվ քարտապաններին

Ամերիաբանկը հանդես է գալիս քարտային նոր արշավով. հատուկ առաջարկ` արտոնյալ պայմաններով վարկային գծի ստացման հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր մինչև տարեվերջ ակտիվորեն անկանխիկ գործարքներ կկատարեն:

Ավելին` այն հաճախորդները, ովքեր հնարավորինս շուտ ձեռք կբերեն Ամերիաբանկի վճարային քարտ, կունենան մի շարք առավելություններ` մինչև տարեվերջ քարտի սպասարկումը կլինի անվճար (բացառությամբ քարտային փաթեթների և Visa Infinite քարտի), իսկ վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվի:

Քարտային նոր արշավին կարող են մասնակցել Բանկի և' ներկայիս և' նոր քարտապանները: Ամերիաբանկի նոր քարտապանը հնարավորություն ունի բավարար վարկային պատմության դեպքում, առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման, մինչև տարեվերջ կատարած միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ, որի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ:

Ամերիաբանկի գործող քարտապանները ևս հնարավորություն ունեն բավարար վարկային պատմության դեպքում իրենց կողմից վերջին երեք ամսվա ընթացքում կատարված միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ կամ ավելացնել գործող վարկային գծի սահմանաչափը: Վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն ՀՀ դրամ:

Ներկայացրած առաջարկների փաթեթից որքան արագ հաճախորդներն օգտվեն, այնքան նրանց համար շահավետ կդառա նոր վճարային քարտի ձեռքբերումը: Ամերիաբանկի նոր առաջարկները հաճախորդի համար շահավետ լինելով հանդերձ, կխթանեն նաև անկանխիկ գործարքների աճը, ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 20%-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ գործարքների քանակը` շուրջ 23 %-ով: Բանկի գործող քարտերի քանակը նույն ժամանակահատվածում աճել է 25%-ով` նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշի նկատմամբ:

Ամերիաբանկն անկանխիկ գործարքների խթանման նպատակով օրեցօր ավելացնում է POS տերմինալների քանակը: Մեկ տարվա ընթացքում Բանկի POS տերմինալներով կատարված գործարքների ծավալն աճել է 36%-ով, իսկ գործարքների քանակը` շուրջ 30 %-ով: