13 նոյեմբերի 2013 - 12:59 AMT
«ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ մերժեց

10 կողմ, 0 դեմ ու 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

Կողմ են քվեարկել «Ժառանգություն» ու ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ձեռնպահ` Ալեքսանդր Արզումանյանը, գրում է «Հետք»-ը:

Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի անունից պատգամավոր Գալուստ Սահակյանն հայտարարել է, որ չնայած քաղաքական հիմնական ուժերը դեմ էին քվեարկությանը, իրենք այն մարդիկ են, որոնք քաղաքական դաշտ են եկել Ղարաբաղի հիմնահարցով, «Ղարաբաղը բոլորիս գերխնդիրն է»:

«ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը` արտահայտելով իրենց տհաճությունը նմանատիպ քննարկմանը»,- ասել է Սահակյանը:

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ևս չեն մասնակցել քվեարկությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԼՂՀ-ի հարցը քաղաքական ուժերի ձեռքում մանրադրամ չի կարող լինել:

ՀԱԿ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որ քվեարկությանը չի մասնակցի, քանի որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը ժամանակավրեպ է համարում։

Անկախ Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը նույնպես չեն մասնակցել քվեարկությանը: Մարուքյանն իր հերթին հայտարարել է, որ չի ցանկանում վտանգել սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը, իսկ Քոքոբեկյանը, որ դա գերխնդիր է Հայաստանի համար, բայց այժմ նպատակահարմար չէ անգամ քննարկել այս հարցն ԱԺ-ում:

Օրենքի նախագիծը քննարկման էր դրվել երեկ՝ ԱԺ կիսադատարկ դահլիճում: Զարուհի Փոստանջյանը համոզմունք էր հայտնել, որ ներկայացված օրինագիծը պետք է ոչ միայն քննարկվի, այլև հավանության արժանանա, քանի որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը մյուս պետություններին այդ գործընթացը սկսելու ազդակ կդառնա: Իսկ փաստարկին, թե ԼՂՀ անկախությունը ճանաչելով պատերազմական գործողություններ կսկսվեն, նա հիշեցրել էր՝ «այսօր էլ պատերազմը, ըստ էության, գոյություն ունի և այնպես չէ, թե խաղաղության պայմաններում ենք ապրում»:

Ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում են ոչ նպատակահարմար:

«Խոսքը վերաբերում է դե-յուրե ճանաչմանը, որովհետև դե-ֆակտո ՀՀ-ն վաղուց ճանաչել է ԼՂՀ անկախությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ»,- ասել էր փոխնախարարը՝ նշելով, որ գոյություն ունի մոտ 100 պայմանագիր, որոնք կարգավորում են տարբեր դաշտերում ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները.

Քոչարյանը հիշեցրել էր, որ իշխանությունը կողմ չէ, որպեսզի Ղարաբաղը ճանաչելով «մնանք միայնակ, ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում», քանի որ դա չի նպաստի բանակցային գործընթացում այն արդյունքին, որին ձգտում ենք:

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին` ներկայացնելով հիմնավորումները, որոնցից հիմնականն էր, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն այս պահին Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման ուղիղ հնարավորություն է: