Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, նոյեմբերի 14-ին բացելով կառավարության նիստը, հանձնարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին կրկին դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ֆինանսավորում ստանալու նպատակով: Ըստ նրա, Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: «Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ»,-ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր:
Վարչապետը հավելել է նաև, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու:
Կորպորացիայի հետ 2006 թվականին ստորագրված ծրագրով Հայաստանում ընդհանուր առմամբ ծախսվեց 177 միլիոն դոլար, որոնք ուղղվեցին կայուն տնտեսական աճի միջոցով աղքատութայն կրճատմանը գյուղական շրջաններում: Ամեն տարի աշխարհի երկրները մրցակցում են այդ ծրագրով աջակցություն ստանալու համար, և առաջին քայլը 13 չափանիշներին համապատասխանելն է` առողջապահություն, կրթություն, արդյունավետ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: