14 նոյեմբերի 2013 - 17:33 AMT
Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ հետ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի մերձեցումը չի նշանակում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հեռացում

«Ուկրաինան Եվրոպային է պատկանում, և ոչ միայն աշխարհագրական առումով, առանց նրա Արևելյան գործընկերության ծրագիրն այդքան տպավորիչ չի լինի»,- հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ vieuws.eu-ին տված հարցազրույցում: Նա հավաստիացրել է, որ ԵՄ հետ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի մերձեցումը չի նշանակում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հեռացում: Լինկյավիչուսը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: Մինչ այդ ասվել էր նաև, որ Եվրամիության միջև Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ բաժինը դատարկ է: