15 նոյեմբերի 2013 - 14:09 AMT
Ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի, Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է խթանել ղարաբաղյան կարգավորումը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման համար: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բերը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու և հակամարտության կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը քննարկելու մտադրությունը: Հիմա ժամանակն է խոսքից գործի անցնելու: ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կողմերի հետ աշխատելու սկզբունքին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-նշել է նա:

Ըստ նրա, ԱՄՆ-ն ողջունում է ԵԱՀԿ համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունն ու գնահատում է նրանց աշխատանքը հակամարտության կողմերի հետ: «Բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է Դենիել Բերը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում կամ Ցյուրիխում, սեփական աղբյուրներին հղումով գրել է «Հրապարակ» թերթը: «Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների` այն հանդիպում է հանդիպման համար: Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի` Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը»,- գրել է թերթը: Ակնկալվում է, որ հայկական կողմը հանդիպմանը պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը:

Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի սկզին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքում:

Photo: osce.usmission.gov