16 նոյեմբերի 2013 - 00:47 AMT
Համանախագահները Վիեննայում պատմել են այս տարի ԼՂՀ հարցի կարգավորման աշխատանքների մասին

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել է համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանն ու վստահության ամրապնդման միջոցառումներին, Անջեյ Կասպրչիկը ներկայացրել է իր գրասենյակի կատարած աշխատանքը: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կարևորել է 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ընդգծեց, որ հիմնարար սկզբունքները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն: Դեսպանը նշել է Սոչիի հռչակագրով նախատեսվող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և պայմաններ կստեղծի բանակցային գործընթացում առաջընթացի համար:

Վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրությունում արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների և համանախագահ պետությունների լԱքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի ու ԵԱՀԿ Հելսինկիի, Աթենքի, Ալմաթայի, Վիլնյուսի և Դուբլինի նախարարական խորհրդաժողովների շրջանակում ընդունված հայտարարությունների հիման վրա:

Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքում: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում կամ Ցյուրիխում, սեփական աղբյուրներին հղումով օրերս գրել է «Հրապարակ»-ը:

«Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների` այն հանդիպում է հանդիպման համար: Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի` Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը»,- գրել է թերթը: Ակնկալվում է, որ հայկական կողմը հանդիպմանը պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը:

2012-ի հունվարին Սոչիում Սարգսյան - Ալիև - Մեդվեդև եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով կատարված աշխատանքը։

Նախագահները քննարկել էին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները, ընդ որում, հաշվի առնելով ԵԱՀԿ դիտորդների վերջին հաշվետվությունը:

«Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը երկու երկրների միջև մարդասիրական կապերի զարգացումն է»,- ընդգծել էին նախագահները:

Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակում: