18 նոյեմբերի 2013 - 11:18 AMT
ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատեն դեկտեմբերի 19-ին

Հայաստանը պատրաստ կլինի միանալու Մաքսային միությանը մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը, հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Կարծում եմ, որ մինչև փետրվար մենք պատրաստ կլինենք Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին պայմանագիր կնքել, ինչպես նաև ներգրավվել Եվրասիական տնտեսական միության գործընթացում»,-ասել է Քոչարյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի համատեղ նիստի ավարտին:

Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 19-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը կհաստատի Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», հայտնում է «Ինտերֆաքս-Արևմուտքը»:

Մինչ այդ ՌԴ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ելույթ ունենալով «Ղրղզստանն ու Միասնական տնտեսական տարածքը՝ իրավիճակն ու ինտեգրման հեռանկարները» թեմայով Բիշքեկում կայացած գործարար համաժողովում, հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության տեխնիկական մանրամասները պետք է մշակվեն 2 ամսվա ընթացքում:

«Մինչև տարեվերջ պատրաստ կլինի Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցության ինտեգրացիոն գործընթացի ճանապարհային քարտեզը»,-ասել էր նա:

Գլազևը հույս էր հայտնել որ «ինտեգրման մյուս փուլին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամանակ», այդ պետություններն արդեն կլինեն ՄՄ կազմում:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: