18 նոյեմբերի 2013 - 12:44 AMT
Ֆրանսիայում հարգել են Միսաք Մանուշյանի հիշատակը

Հայ վետերանների և Դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիան նշել է Իվրիում Միսաք Մանուշյանի և Յոզեֆ Էպշտեյնի ձերբակալության 70-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի վետերանների գծով պատվիրակ նախարար Քադեր Արիֆը, Էվրի Ֆրանսիս Շուան, հայ համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրում է Nouvelles d՝Arménie-ին:

Միսաք Մանուշյանը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս է: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանին հետմահու պարգևատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով: Մանուշյանը Ազնավուրյանների ընտանիքի մտերիմներից էր եւ ընդհատակյա պայքարի տարիներին ինքը եւ կինը` Մելինեն, հաճախ էին թաքնվում նրանց տանը:

Մանուշյանի խմբին 1955թ. բանաստեղծություն է ձոնել Լուի Արագոնը, որը 1959թ. երգի է վերածել Լեո Ֆերեն: Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան):