Նոյեմբերի 18-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և գործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:
Ինչպես ավելի ուշ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր Ջոն Քերին, նա հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իր հերթին թուրք նախարարը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի:
Նոյեմբերի 18-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա, որտեղ նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին:
Պայմանավորվածությունն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի սկզբին տարածաշրջան այցելության ժամանակ:
Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել էր համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին:
2012-ի հունվարին Սոչիում Սարգսյան - Ալիև - Մեդվեդև եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով կատարված աշխատանքը։
Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակում: